Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ: Կրթությունն է ցանկացած բարձրակարգ երևույթի հիմքը, կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն:
Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով. այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ: Եվ, ուրեմն, շարունակենք հավատարիմ մնալ գիտելիքին ու կրթությանն ապավինելու մեր մտայնությանը, էլ ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ լծվենք կրթական գործին՝ առանցքում միշտ ունենալով երջանիկ անհատի և ծաղկուն հայրենիքի տեսլականը:
Մեր աշակերտներն ու ուսանողները, ի պատիվ իրենց և իրենց ուսուցիչների ու դասախոսների, հաջողությամբ հանդես են գալիս միջազգային տարաբնույթ միջոցառումներում. արդյունքները պետք է բազմապատկել, հնարավորությունները՝ ընդլայնել: Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի աջակիցն է:
Մենք կրթական բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և հավատացե՛ք, ամեն ինչ արվում է սովորողների ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու, մանկավարժի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և պայմանները բարելավելու նպատակով:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում բեղմնավոր ուսումնական տարի, բազում հաջողություններ և նոր ձեռքբերումներ»: