ՌԴ-ն ու ԵՄ-ն ԼՂ հակամարտության շուրջ մրցակցում են, որի վերջնական նպատակը միմյանց պրոցեսից դուրս գցելն է. վերլուծաբան

Մինչ Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, հայտնի դարձավ, որ Մարիա Զախարովան անդրադարձել է Բրյուսելի միջնորդությամբ ընթացող գործընթացին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Եվրամիության «իրական ցանկությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ» որևէ կապ չունեն:

«Դա եվրոպացիների կեղծ նախաձեռնությունն է։ Դա ավելի շատ միջնորդության դափնիների անամոթ յուրացման է նման։ Մենք ենք աշխատում որպես միջնորդներ, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս, կողմերն էլ համապատասխանաբար գնահատում են դա»,- ասել է Զախարովան` շարունակելով, որ եթե ինչ-որ մեկն իրեն որպես միջնորդ է ներկայացնում` այդպիսին չհանդիսանալով, ապա, ըստ ամենայնի, նա որևէ բան առաջարկել չի կարող և ցանկանում է պարզապես ի ցույց դնել իր մասնակցությունը։

Նրա որակմամբ, ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ Բրյուսելը կորցրել է դիվանագիտական հմտությունները:

Զախարովան գտնում է, որ Երևանի և Բաքվի միջև առարկայական բանակցություններն ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե՝ Բրյուսելի միջնորդությամբ։

«Ինչ վերաբերում է Եվրամիության միջնորդությամբ խաղաղ համաձայնագրի վերջնական տեքստի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման մասին տեղեկատվությանը, ապա Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներից մենք նման որևէ տեղեկություն չենք ստացել»,- ասել է Մարիա Զախարովան։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ Մոսկվայից հնչող նյարդային հայտարարությունները պարզապես արտահայտում են այն մրցակցությունը, որը կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդների միջև՝ Ռուսաստանի ու ԵՄ-ի:

«Ռուսական կողմի պնդումները, թե առարկայական բանակցությունները Մոսկվայում են, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Թեև կա կոնկրետ աշխատանք մոսկովյան հարթակում, որը հետպատերազմյան երեք փաստաթղթերի շրջանակում է, Բրյուսելում ևս կա օրակարգ, որին կապված են և որով ակտիվ զբաղվում են Հայաստանն ու Ադրբեջանը: Այդ գործընթացը տվել է ոչ միայն տեղում արդյունքներ, այլև այն ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, որն էլ այն է, որ ԵՄ-ն զբաղվում է Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանից անկախ, և չի բացառվում նաև, որ ԵՄ-ին փոխարինելու գա կրկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մասին վերջերս ավելի հաճախ ենք լսում: Բարդ իրավիճակ է Ղարաբաղի հակամարտության շուրջ, երբ առաջին անգամ միջնորդները մեծ հակասության մեջ են, աշխատում են միմյանց դեմ, մրցակցում են, որի վերջնական նպատակը միմյանց պրոցեսից դուրս գցելն է: Դեռ դա չի հաջողվել, բայց գործընթացը դեռ կշարունակվի մինչ նոր իրավիճակի հաստատումը»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս