Հունաստանը մերժել է Թուրքիայի ՌՕՈՒ-ի դեմ C-300-երի ներգրավման մեղադրանքները. ԶԼՄ-ներ
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները կտրականապես հերքել են Թուրքիայի պնդումները, թե Աթենքը Կրետե կղզում գտնվող իր C-300 հրթիռա-զենիթային համակարգերը գործի է դրել թուրքական F-16-երի դեմ, հաղորդել Է newsbomb.gr լրատվական պորտալը։
«Հունաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները Թուրքիայի ՊՆ-ից արտահոսքերը որակել են որպես «առասպելներ» և ասել, որ դրանք մեր երկրի նկատմամբ թշնամական մթնոլորտ ստեղծելու Անկարայի ձախողված փորձի մի մասն են»,- գրում է կայքը:
OPEN հեռուստաալիքը, հղում անելով ռազմական գերատեսչությունում իր աղբյուրներին, հաղորդում է, որ թուրքերն այդ կերպ իրենց դժգոհությունն են արտահայտում ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսի՝ Հունաստանում գտնվելու ժամանակ արած հայտարարությունների կապակցությամբ, որոնք արգելափակում են Թուրքիայի՝ ԱՄՆ-ից F-16-երի գնումը կամ ցանկացած մոդեռնիզացիան:
CNN Türk հեռուստաալիքը, վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները, հայտնել է, որ հունական կողմը C-300 ՀՕՊ համակարգեր է գործարկել թուրքական F-16 կործանիչների արգելափակման և ուղեկցման համար: Ինչպես հայտնում են, այդ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, թուրքական ինքնաթիռները գտնվել են Հռոդոսից դեպի արևմուտք՝ 10 հազար ֆուտ բարձրության վրա։
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ «չնայած այդ թշնամական գործողություններին, ինքնաթիռները կատարել են պլանավորված առաջադրանքները և բարեհաջող վերադարձել իրենց ռազմակայաններ»:
Հունական newsit.gr պորտալը ենթադրում է, որ Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռները սադրանք են իրականացրել, որպեսզի պարզեն Կրետե կղզում գտնվող C-300 զենիթահրթիռային համալիրի տեղակայման վայրը: Պորտալը նշում է, որ օգոստոսի 23-ին թուրքական F-16-երի երկու զույգ մտել է Աթենքի թռիչքային տեղեկատվության շրջան՝ չտրամադրելով թռիչքի պլանը, խախտել են ազգային օդային տարածքը, իսկ հետո թռիչք են կատարել հունական կղզիների վրայով: