Ավելի խելացի դառնալու և ինտելեկտի մակարդակը բարձրացնելու 20 պարզ եղանակ

Մարդու միտքը համեմատելի է մկանների հետ՝ լավ մարզավիճակում լինելու համար դրան կանոնավոր վարժություններ են պետք: Ստորև այն մասին, թե ինչպես դառնալ ավելի խելացի՝ գրականության պարզ ընթերցումից մինչև հուզական ինտելեկտի զարգացման մեթոդներով։

Մարդու ուղեղը կարողանում է սովորել ողջ կյանքի ընթացքում՝ այն զարմանալիորեն նեյրոպլաստիկ է և կարող է փոխել և վերափոխել նյարդային համակարգը՝ ի պատասխան շրջակա միջավայրի բազմազանության: Այս հարմարվողական մեխանիզմն օգնում է ուղեղին վերականգնել վնասվածքից կամ խանգարումից, ինչպես նաև նվազեցնել այնպիսի պաթոլոգիաների բացասական հետևանքները, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, անքնությունը և սկլերոզը:

Կարևոր է նշել, որ ուղեղը տարիքի հետ չի կորցնում այդ ունակությունները: BBC-ի և Քեմբրիջի համալսարանի նյարդաբանների համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 60-ից բարձր մարդիկ ավելի լավ են կարողանում բարելավել ճանաչողական աշխատանքն ուղեղի մարզման միջոցով:

Զբաղվեք սպորտով

Դեռևս 1999 թվականին գիտնականները պարզեցին, որ վազքը մեծացնում է մկների ինտելեկտուալ ունակությունները, օրինակ՝ մկնիկը, որը անընդհատ լինում էր վազող անիվին, կտրուկ ավելացրեց հիպոկամպում (ուղեղի լիմբիկ համակարգի մաս) նոր բջիջների քանակը՝ համեմատած մյուս մկների հետ, որոնք պահվում էին ստանդարտ պայմաններում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական պատրաստվածությունը նաև անմիջականորեն կապված է մարդկանց ինտելեկտի հետ՝ կանոնավոր վարժություններն օգնում են բարելավել կենտրոնացումը, մշակման արագությունը և առաջադրանքների միջև անցումը, ինչպես նաև հիշողության կարողությունը:

Սուրճ խմեք

Կոֆեինը բարելավում է ուշադրության վերահսկումը և օգնում է կենտրոնանալ: Սակայն շատ կարևոր է չգերազանցել օրական 400 մգ կոֆեինի առաջարկվող չափաբաժինը, որը կազմում է մոտ հինգ փոքր բաժակ էսպրեսսո:

Կերեք ընկույզ և ձուկ

Որոշ մթերքներ ավելի լավ են, քան մյուսները՝ ձեր ուղեղը ակտիվ պահելու համար: Սրանք օմեգա-3 հարուստ մթերքներ են, ինչպիսիք են յուղոտ ձուկը և ընկույզը։

Քնեք

Քնի ժամանակ մեր ուղեղը ոչ միայն հանգստանում է, այլև դասակարգում է օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը, որն իր հերթին՝ օգնում է պահպանել ճանաչողական գործառույթները: 2018 թվականին հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ քնի աննշան պակասը կարող է բացասաբար ազդել աշխատանքային հիշողության ծավալի վրա։

Խաղացեք

2009 թվականին Նյու Մեքսիկոյից գիտնականները պարզեցին, որ տետրիս խաղալը բարելավում է ուղեղի արդյունավետությունը: Շախմատը հիանալի է հիշողության և ռազմավարական մտածողության մարզման համար, իսկ պոկերն օգնում է բարելավել մտավոր հաշվելու հմտությունները:

Մարզե՛ք հիշողությունը

Հիշողությունը գլխուղեղի վիճակի ամենակարևոր մարկերն է, և հիշողության մարզման հատուկ վարժությունները կօգնեն պահպանել դրա ծավալը։ Բացի այդ, դուք կարող եք մարզել ձեր հիշողությունն առօրյա կյանքում՝ սովորելով անգիր բանաստեղծություններ կամ նույնիսկ անգիր անելով գնումների ցուցակը:

Լսեք երաժշտություն

«Մոցարտի էֆեկտը» տեսություն է, ըստ որի՝ Մոցարտի երաժշտությունը լսելը բարձրացնում է ինտելեկտի մակարդակը։ Այնուամենայնիվ, այս էֆեկտը չի սահմանափակվում մեկ կոմպոզիտորով՝ իրականում երաժշտություն լսելն ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են տարածական մտածողության համար, և ձեր սիրած երաժշտությունը կարող է նաև հաճույքի խթանիչ լինել, ինչը նույնպես դրականորեն է ազդում ուղեղի վրա:

Կարդացեք

Ընթերցանությունը, թերևս, ամենատարածված խորհուրդն է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի խելացի դառնալ: Եվ իսկապես, կարդալը բարձրացնում է ինտելեկտի մակարդակը, քանի որ ընթերցանության ընթացքում գրգռվում են ուղեղի գրեթե բոլոր հատվածները։ Բացի այդ, գրքերը կարող են օգնել բարելավել հուզական վիճակը, կառավարել սթրեսը և նույնիսկ դանդաղեցնել տարիքի հետ կապված ճանաչողական անկումը:

Որքան բարդ է գրականությունը, այնքան ուղեղի համար օգտակար կլինի կարդալ այն։  Օրինակ՝ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը համարվում է ամենադժվար գրական գործերից մեկը։

Սեքսով զբաղվեք

Հորմոնները, որոնք միացնում են ձեզ, ազդում են նաև ուղեղի այլ գործընթացների վրա, օրինակ՝ օգնում են ձեզ հստակ մտածել և բարելավել հիշողությունը:

Կանոնավոր սեռական ակտիվությունը նաև մեծացնում է հիպոկամպուսի բջիջների քանակը և նույնիսկ օգնում է զարգացնել վերլուծական մտածողությունը: 2019 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարեց մարդիկ, ովքեր ամեն շաբաթ սեքսով են զբաղվում, ավելի բարձր ճանաչողական հմտություններ են ցուցաբերում՝ նրանք ավելի լավ են լուծում հիշողության և խոսքի հետ կապված խնդիրները:

Դիտեք ֆիլմեր

Շատերի համար տեսողական ուսուցումը մի մեթոդ է, որը սովորողի համար ավելի հեշտ է դարձնում հիշելու այն, ինչ տեսնում է, այլ ոչ թե այն, ինչ կարդացել է կամ լսել: Այս մարդկանց համար ուսումնական տեսանյութը կամ վավերագրական ֆիլմը կարող է նոր բան սովորելու համար ավելի արդյունավետ միջոց լինել:

Այնուամենայնիվ, գեղարվեստական ​​ֆիլմերը նույնպես օգտակար են մտքի զարգացման համար՝ ֆիլմը թույլ է տալիս ավելի արագ և ավելի մեծ հուզական ինտենսիվությամբ խորասուզվել կոնկրետ թեմայի մեջ։

Խաղացեք տեսախաղեր

Տեսախաղերը դառնում են ավելի ու ավելի տարածված ժամանցի զբաղմունք: 2017 թվականին գիտնականները հավաքեցին 116 հետազոտությունների արդյունքներ՝ կապված ուղեղի վրա տեսախաղերի ազդեցության վրա, և մեծ ակնարկ հրապարակեցին Frontiers in Human Neuroscience ամսագրում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խաղացողների մոտ ավելի զարգացած են ուշադրության մի քանի տեսակներ, ներառյալ՝ կայուն և ընտրովի ուշադրությունը, և, որ տեսախաղերի սիրահարներին ավելի քիչ էներգիա է պետք կենտրոնացված մնալու համար:

Տվյալները նաև ցույց են տալիս, որ տեսախաղերը մեծացնում են ուղեղի այն մասերի չափերը, որոնք պատասխանատու են տեսողական հմտությունների համար՝ մարդու կարողությունը՝ որոշելու տեսողական և տարածական հարաբերությունները առարկաների միջև:

Ընկերացեք խելացի մարդկանց հետ

Մարդիկ սոցիալական արարածներ են, ուստի շփվելը կարող է բարելավել ձեր ճանաչողական հմտությունները: Սոցիալականացումը խթանում է միտքը, սակայն սոցիալական մեկուսացումը բացասաբար է անդրադառնում ոչ միայն հոգեկան առողջության, այլև ուղեղի աշխատանքի վրա։

Մարդը կարող է մենակ մնալ տարբեր պատճառներով, բայց երբեք ուշ չէ միանալ համայնքին և նոր ընկերներ ձեռք բերել: Թե ինչպես հաստատել օգնական շփումներ և միանալ համայնքին՝ կօգնի հասկանալ 168.amանդրադարձը:

Նաև ուսումնասիրված նյութի քննարկումը, լինի դա նոր գիրք, ֆիլմ, թե գիտական ​​հոդված, տեղեկատվության յուրացման արդյունավետ մեթոդ է։

Զարգացրեք թվային զգացումը

Թվային իմաստը կամ թվերի զգացումը հմտությունների խումբ է, որը թույլ է տալիս մարդուն աշխատել թվերի հետ՝ լուծել մաթեմատիկական և այլ խնդիրներ։

Թվերի զգացողությունը կարելի է զարգացնել, օրինակ՝ արագ նայեք մի խումբ առարկաների և փորձեք հիշողությամբ հաշվարկել դրանց ճշգրիտ թիվը:

Սովորեք լեզուներ

Օտար լեզուները լավ միջոց են ուղեղի առողջ ծանրաբեռնվածություն ստեղծելու համար։ Համաժամանակյա թարգմանության ժամանակ ուղեղը միաժամանակ կատարում է երեք գործողություն, իսկ երկլեզու երեխաները (որոնք առօրյա կյանքում երկու լեզու են օգտագործում) ունեն ավելի լավ հիշողություն և ուշադրություն, ինչպես նաև ավելի բարձր արձագանքման մակարդակ։

Ձոնգլեք (ժանգլյորությամբ զբաղվեք)

Ձոնգլելը ձեռքերի և աչքերի համակարգված շարժումներն են, և այն ներգրավված է բազմաթիվ գործընթացներում, ինչպիսիք են մեքենա վարելը կամ համակարգչի ստեղնաշարով մուտքագրելը:

Այս հմտությունների զարգացումը նաև օգնում է ձեզ ավելի խելացի դառնալ՝ 2008 թվականին անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեք ամիս ձոնգլելուց՝ մասնակիցների ուղեղում ավելի շատ մոխրագույն նյութ է եղել:

Պարերը նույն կերպ են աշխատում, թույլ են տալիս ճանաչողական գործընթացները խառնել մկանային հիշողության հետ և այդպիսով զարգացնել ուղեղը։

Մեդիտացիա արեք

Մեդիտացիան օգնում է հաղթահարել սթրեսը, բարելավում է տրամադրությունը և հանգեցնում էմոցիոնալ կայունության: Այնուամենայնիվ, դա միայն հոգեկան առողջության համար օգտակար չէ՝ որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ եթե օրական 10-20 րոպե մեդիտացիա եք անում, կարող եք ինտելեկտի և հիշողության կայուն աճ ստանալ:

Գրեք

Ձեռագիրը զարգացնում է ուղեղը, լավացնում հիշողությունը և ազդում խոսքի վրա: Օգտակար է տեղեկատվություն գրելը, այն օգնում է ավելի լավ հիշել այն, բայց ձեռագիրն անհրաժեշտ չէ ուսումնական կամ աշխատանքային գործընթացում։  Կարող եք կատարել Ջուլիա Քեմերոնի վարժությունը, որը կոչվում է «առավոտյան էջեր»՝ նամակներ գրեք սիրելիներին կամ սկսեք պարզ բացիկներից:

Երաժշտական ​​գործիքներ նվագեք

Երաժշտական ​​գործիքներով նվագելը բարելավում է ճանաչողական հմտությունները՝ ուժեղացնելով նյարդային կապերը: Սա դրական է ազդում սովորելու կարողության, հիշողության, նուրբ հմտությունների և մտածողության վրա:

Փոխեք միջավայրը

Հայտնի է, որ ուղեղին անհրաժեշտ է հանգստանալ, իսկ առանց արձակուրդի աշխատելը հանգեցնում է հուզական այրման։ Սակայն փոփոխությունը, օրինակ՝ ճամփորդությունը, թույլ է տալիս ոչ միայն հանգստանալ, այլև նոր փորձ ձեռք բերել, որն էլ իր հերթին՝ զարգացնում է ուղեղը։ Բացի այդ, անծանոթ մշակութային և լեզվական միջավայրում սկսվում է «բազմամշակութային ուսուցման» գործընթացը, որը չափազանց օգտակար է ստեղծագործելու համար։

Զգացեք

Հուզական ինտելեկտը հույզերը ճանաչելու և կառավարելու ունակությունն է: Էմոցիոնալ խելացի մարդկանց համար ավելի հեշտ է բանակցել ուրիշների հետ, լուծել հակամարտություններն էթիկական կարգով և պատշաճ կերպով արձագանքել խթաններին:

Հուզական ինտելեկտը կարելի է զարգացնել՝ խորհուրդ է տրվում գիտակցաբար վերաբերվել զգացմունքներին, լինել կարեկից և սովորել կառավարել զգացմունքները: Արժե նաև հրաժարվել զգացմունքների բաժանումից՝ «վատ» և «լավ», և դրանք ընկալել առանց դատելու և ապրել:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս