Թուրքիան աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկն է. ԱՄՆ սենատոր Մենենդես
ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է Արևելյան Միջերկրական ծովում ամենամեծ սպառնալիքը և Չինաստանի, Ռուսաստանի և կլիմայի փոփոխության հետ մեկտեղ այն ներառել միջազգային հանրությանը սպառնացող հիմնական մարտահրավերների մեջ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մենենդեսը նման հայտարարություն է արել Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի դոկտորի պատվավոր կոչում ստանալու արարողության ժամանակ։
«Այս լսարանում որևէ մեկին չեն ասել, որ ամենամշտական ու անմիջական սպառնալիքը Արևելյան Միջերկրական ծովում նախկինի պես շարունակում է մնալ Թուրքիան։ Չնայած նրան, որ Թուրքիան դաշնակից է ՆԱՏՕ-ի շրջանակում, այն մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխանությանը` Էգեյան ծովում սադրիչ թռիչքներ իրականացնելով։ Կործանիչներով օդային տարածքի խախտումն անընդունելի վարք է ցանկացած երկրի համար»,- հայտարարել է ամերիկյան քաղաքական գործիչը։
Քննադատելով Կիպրոսի հյուսիսային հատվածի ապօրինի բռնազավթումը, Մենենդեսը հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս Անկարային սպառազինության արդիականացված համակարգեր տրամադրելուն։ Նա մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում պառակտիչ քաղաքականություն վարելու մեջ։
Խոսելով ԱՄՆ-ի և Հունաստանի հարաբերությունների մասին` սենատորը հայտարարել է, որ դրանք անհրաժեշտ է շարունակել ամրապնդել։
Ավելի վաղ Մենենդեսը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն, քանի դեռ նա չի փոխել իր ուղղվածությունն ու չի կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները` հրաժարվելով ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումից։
Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից 40 հատ F-16 կործանիչ գնել և արդիականացնել իր սպառազինության կազմում գտնվող ևս 80-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ հույս ունի ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցում։ Սենատոր Մենենդեսը, որպես միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, այդ գործարքի վրա վետո դնելու իրավունք ունի։
Հունաստանն ակտիվորեն խոչընդոտում է գործարքին։ Դա պատճառներից մեկն է դարձել, որ Էրդողանը հրաժարվի շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ` մեղադրելով նրան ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։