«Փաշինյանը դա ստեղծել է զոմբիների ու հարուստների համար»․ հարցում՝ 24 միլիոնով բանակից ազատվելու մասին
Պաշտպանության նախարարությունն օգոսոտոսի 24-ին շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկում է ներդնել մեխանիզմ, որով զինծառայողը 4.5 ամիս ծառայությունից հետո 24 միլիոն դրամ վճարելու և ծառայությունից վաղաժամ ազատվելու հնարավորություն կունենա։
Ոլորտի բազմաթիվ մասնագետներ ՊՆ մշակած նախագիծն անընդունելի են համարում՝ ներկայացնելով մի շարք ռիսկեր, նախ՝ շատերը նշում են, որ նախագիծը բանակի հիմքերի խարխլման հիմք կդառնա, որը Հայաստանի պես երկրի համար խիստ ռիսկային է։ Երկրորդ՝ սոցիալական պայմանների վրա հիմնված անհավասար պայմանների, կոռուպցիան օրինականացնելու ռիսկեր են տեսնում՝ հարուստներն իրենց երեխաներին կազատեն ծառայությունից, փոխարենը՝ կծառայեն միայն սոցիալապես անապահով խավի երեխաները։
Օրենքի նախագիծը քննարկվեց նաև սոցիալական ցանցերում։
Թե սոցիալական ցանցերից դուրս ՀՀ քաղաքացիներն ի՞նչ են մտածում Պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի վերաբերյալ, 168.am-ը փորձել է պարզել հարցախույզի միջոցով։
Ուշագրավ է, որ ի տարբերություն սոցիալական խնդիրներին վերաբերող թեմաներին՝ կենսաթոշակներ, գնաճ, գազի և էլեկտրաէներգիայի թանկացում, այս թեմայի վերաբերյալ քաղաքացիների մեծ մասը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։
Այդուամենայնիվ, եղան մարդիկ, որոնք պատասխանեցին հարցին՝ ի՞նչ կարծիքի են ՊՆ հեղինակած և շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի վերաբերյալ.
«Լրիվ հարուստների երեխաները կազատվեն, էն մյուս խավը պետք է ծառայեն։ Ինչի՞, թող «մեծերի» երեխեքը գնան ծառայեն, ամեն ինչը խեղճ ժողովրդի գլխին է ջարդվո՞ւմ»,- մեզ հետ զրույցում ասաց մեծահասակ մի կին։
Հարցված քաղաքացիներից մի տղամարդ ևս ասաց՝ առաջարկվող նախագծին դեմ է, և այսպես հիմնավորեց․
«Եթե մեկը հնարավորություն ունի, գումարը տալիս, ազատվում է, մյուսը չունի՛ հնարավորություն։ Բայց էս աշխարհում ճիշտը որտե՞ղ է, ո՞նց կլինի այդպես, մեկն ունի՝ տալիս ազատվում է, մեկը չունի․․․ Չհասկացա՛նք, դա ինձ դուր չեկա՛վ, ներողությո՛ւն․․․»։
Հարցված քաղաքացիներից մի կին էլ չկարողացավ զսպել զայրույթը.
«Այդ օրենքը հատուկ ստեղծված է մեծահարուստների համար, ով գումար ունի ու կարող է միանգամից իր լակոտներին ազատել բանակից, վե՛րջ։ Դրանից տուժելու է հասարակ մարդը, հասարակ բանվորը․․․ Փաշինյանը դա ստեղծել է իր նման, իր շուրջը հիպնոսով տառապող զոմբիների համար, մեծահարուստների ու խաբեբաների համար, ուրիշ ոչ մեկի․․․»։
Դիտարկմանը, որ մի շարք փորձագետներ համոզված պնդում են, թե այս ձևով կազմաքանդում են բանակը, քաղաքացին այսպես արձագանքեց․
«Ո՞ւր ա բանակ, բանակ մնացե՞լ ա, բանակ կա՞, ինքն ավելացրե՞լ ա մի բան դրան։ Մեր սահմանները, մեր երկիրն ապահովվա՞ծ է, ապահով չի՛։ Երկիրը քանդման վտանգի մեջ է, ինքը հանգիստ իր գործը տանում է առաջ, որովհետև իր կողքին հավաքել է իր նմաններին»։
Նիկոլ Փաշինյանին մեկ բառով ինչպե՞ս կբնութագրեք, հարցրեցինք տիկնոջը, պատասխանեց․
«Հիվա՛նդ։ Եթե նորմալ ղեկավար լիներ՝ նման բան կյանքում թույլ չէր տա․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում