
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները մտադիր են հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Զապորոժիեի ԱԷԿ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության տեսուչները մտադիր են հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան: Այս մասին հայտնում է «Wall Street Journal» թերթը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի անանուն զրուցակիցը հայտարարել է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը հաջորդ շաբաթվա սկզբին ամենայն հավանականությամբ կայցելի Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան, թեև մանրամասները դեռ քննարկվում են: Զրուցակցի խոսքով ՝ այժմ «տենդային նախապատրաստություններ» են ընթանում առաջիկա այցի համար:
Պարբերականի տվյալներով՝ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության թիմը կարող է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան հասցնել պահեստամասեր, ճառագայթման վերահսկողության սարքեր եւ այլ միջոցներ՝այն մտավախությունների ֆոնին, որ այդ շրջանում մարտական գործողությունները կարող են հանգեցնել միջուկային աղետի: