
Հայաստանը պատրաստ է երկխոսության ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկա ձևավորելու շուրջ. Փաշինյան

Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկա ձևավորելուն և պատրաստ է կառուցողական երկխոսության:Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության չկարգավորված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար: Ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ձևավորելու տեսակետից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտի ինտեգրացիան»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ արդյունաբերությունը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության զարգացումն առաջ մղողներից մեկը և Միության մրցունակ առավելությունը՝ ստեղծելով բարենպաստ կազմակերպա-տնտեսական պայմաններ տրանզիտային փոխադրումների համար: «Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային-լոգիստիկ կոմպլեքսը ձևավորելու համար անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության ներդաշնակեցում ազգային և անդրազգային մակարդակներում, ինչպես նաև ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման և շահագործման մոտեցումների ամբողջականության ապահովում»,-նշել է ՀՀ վարչապետը: