Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ
Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
Միխայիլ Միշուստինը նախ Փաշինյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Վերջերս Դուք միմյանց հետ քննարկել եք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: Մենք Ձեզ հետ ևս վերջերս հանդիպել ենք Մինսկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում:
Իհարկե, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն արդիական թեմաների` ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերությունների շուրջ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ բարձր ենք գնահատում մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների պատմական և հոգևոր խորը կապերի վրա:
Հաջորդ շաբաթ` օգոստոսի 29-ին, մենք կնշենք նշանակալի տարեդարձ` Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հիմքերն է դրել:
Հայ գործընկերների հետ համատեղ մենք ընդունում ենք օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են մեր առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը, այդ թվում` ՌԴ-ի դեմ անօրինական պատժամիջոցների պայմաններում: Մենք ունենք կոնկրետ արդյունքներ. ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Բացարձակ թվերով` այն հասել է 1 մլրդ 600 մլն դոլարի:
Սա, ի դեպ, ռեկորդային ցուցանիշ է մեր փոխադարձ առևտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի:
Իհարկե, մենք ցանկանում ենք արագացնել աշխատանքն առաջնահերթություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ` և՛ տրանսպորտի, և՛ արդյունաբերության, և՛ էներգետիկայի ոլորտներում: Կարևոր է հարմարավետ պայմաններ ստեղծել բիզնեսի գործունեության համար` փոքր և միջին բիզնեսի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով: Ի դեպ, դա Հայաստանը ռուսական ընկերությունների պարագայում անում է շատ արդյունավետ, հույս ունեմ նաև, որ Ռուսաստանն է հայկական ընկերությունների համար նույնն անում: Այս առումով, լավ հարթակ կդառնա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջոցառումը` ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Պատվիրակությունը կգլխավորի ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը:
Մենք նաև մեծ աշխատանք ենք տանում երկկողմ առևտրում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղղությամբ: Վստահ եմ` դա կնպաստի մեր առևտրաշրջանառության աճին, ինչպես նաև վերջինիս կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, ինչը շատ կարևոր է:
Առաջնային ուշադրություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության:
Այսօրվա մեր հանդիպումն անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: Միության շրջանակում մենք հաջողությամբ հաղթահարում ենք համաշխարհային տնտեսական անկայունության հետևանքները: Դուք ևս այդ մասին այսօր նշեցիք: Վստահ եմ, որ համատեղ կկարողանանք առաջին հերթին ապահովել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունությունը և, որ ամենակարևորն է` բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը»: