Կառավարությունը կօգնի 500 միլիոն դրամ և ավելի ներդրում կատարողներին իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում

Կառավարությունը հաստատեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառումը, որով առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն տրամադրել Հայաստանում ներդրում անել ցանկացողներին։

Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստանը առաջին կիսամյակում բարձր տնտեսական ակտիվության աճ է գրանցել, բայց, բնականաբար, դա մեզ միայն ոգեշնչում է խթանել և օժանդակել ներդրումները: Անցած տարի թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, թե Կառավարության ծրագրով, հաստատել էինք «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառումները:

Ներկայացված ծրագիրը միտված է օգնել բոլոր ներդրողներին իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում: Շատ մարդիկ, ովքեր գործարաններ, հյուրանոցներ են կառուցում, տարբեր տեսակի ներդրումներ իրականացնում, գրեթե միշտ խնդիրներ են ունենում ենթակառուցվածքների հետ կապված՝ կլինի ջրատար, գազատար խողովակ, ճանապարհ և այլն, և այս միջոցառմամբ ներդրողներին խրախուսում ենք՝ օգնելով նրանց ենթակառուցվածքային խնդիրների հարցում»,- ասաց Քերոբյանը:

Կառավարությունը 500 միլիոն դրամի չափով ներդրում կատարողին պատրաստ է տրամադրել 20 տոկոսի չափով այն ենթակառուցվածքը, որը նրան անհրաժեշտ է: Եթե ներդրումը 500 միլիոն դրամից ավելի է, ապա Կառավարությունը պատրաստ է տրամադրել 10 տոկոսի չափով անհրաժեշտ ենթակառուցվածքը:

«Ցանկացած նմանատիպ գործարք լինելու է Կառավարության որոշմամբ և ներդրումային ծրագրերը գալու են Կառավարություն, ու Կառավարությունը ընդունի որոշումները»,- ասաց Քերոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս