Թբիլիսիում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կապի նախարարների հանդիպումը

Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, ինչպես նաև Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների ետևում, որից հետո թուրք նախարարը թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության հետ զրույցում գնահատել է Վրաստան կատարած այցը:

Ըստ Քարաիսմայիլօղլուի՝ քննարկվել են հաղորդակցության ոլորտում համագործակցությանը առնչվող հարցեր:

Ընդգծելով, որ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը «բարեկամ և եղբայրական երկրներ են»՝ նա նշել է, որ շարունակվում են բանակցությունները երեք երկրների միջև «տրանսպորտային միջանցքների հետագա զարգացման համար»։

«Այս բանակցությունների արդյունքում մեր երկրները կշահեն, և որքան ուժեղ լինեն այդ տրանսպորտային միջանցքները, այնքան կզարգանա մեր միջև համագործակցությունը ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական մակարդակներում»,-ասել է նախարարը։

Նա գնահատելով հաղորդակցության ոլորտում գոյություն ունեցող համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, կարևորել է «Միջին միջանցքը» և հիշեցրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու (BTK) և Մարմարայի նախագծի իրականացման մասին:

«Այժմ սկսել են գործել Չինաստանից Լոնդոն առանց դադարի գնացքները։ Այսուհետ մենք քննարկում ենք, թե ինչ կարելի է անել այս ներուժն էլ ավելի մեծացնելու համար»:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ քննարկվել են ոչ միայն բեռնափոխադրումների հետ կապված հարցեր, այլև ուղևորափոխադրման հարցը:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ ապագայում ևս կիրականացվեն նմանատիպ բանակցություններ, որպեսզի երեք երկրները կարողանան ավելի շատ եկամուտներ ստանալ տրանսպորտի ոլորտում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031