Չկա վարչապետ, պարզվում է՝ նա Սևանի ամառանոցում է. Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն օրեր առաջ գրավոր դիմում էր ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով: Այսօր, բողոքի ակցիայի ընթացքում նա մի պահ թողեց հարթակը և մոտեցավ Կառավարության շենքին։ Շենքը պահպանում էին ոստիկանության և անվտանգության ծառայության մի քանի տասնյակ  աշխատակիցներ: Էդգար Ղազարյանին մոտեցավ Կառավարության անվտանգությունն ապահովող աշխատակիցներից մեկը, որոշ ժամանակ բանակցելուց հետո պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը շենքում չէ և հանդիպում տեղի չի ունենա:

Արդեն հարթակից դիմելով հրապարակում հավաքված քաղաքացիներին՝ Էդգար Ղազարյանը հայտարարեց.

«Ինձ թվում է՝ Նոստրադամուսն եմ։ Սիրելի՛ հայրենակիցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր հանդիպումը չկայացավ։ Ես ասել եմ, իհարկե, որ վանկարկումներ չենք անելու, բայց որոշ բացառություններ կարելի է անել։ Ամո՛թ»:  Էդգար Ղազարյանին վանկարկումներով միացան հանրահավաքի մասնակիցները։

«Ես չէի եկել քեզ հետ անձնական հարցեր քննարկելու, դու շատ լավ գիտես, թե ինչ վիճակի ես հասցրել այս երկրին ու այս ժողովրդին ու դու կորցրեցիր քեզ համար ամենակարևոր պահը՝ պարզ, մարդկային, շիտակ խոսքով լսել այն հիմնավորումները, թե ինչու պետք է հեռանաս։ Անկեղծ ասած՝ ինձ հետ մի փաստաթուղթ էի վերցրել՝ իրեն ներկայացնելու համար։ Մի քանի բան կկարդամ, որ իր համար պետք է կարդայի։ 2018թ․մայիսի 8։ Մայիսի 8-ը մինչև նրա իշխանության գալը կոչվել է Եռատոն։ Տոների և հիշատակի մասին օրենքով՝ Երկրապահի օր, Շուշիի ազատագրման օր, Արցախի ՊԲ կազմավորման օր։ Այդ օրը մշտապես տոն է եղել յուրաքանչյուր հայ մարդու համար և խորհրդանշական կերպով այդ օրը դարձավ ողբերգալից օր՝ հայ ժողովրդի պատմության մեջ, որովհետև նա սրիկայաբար, էն ամենավերջին կեղտոտ խաբեբայի նման զավթեց մեր ժողովրդի իշխանությունը, պարփակեց իրեն ոստիկանական հսկայական ուժերով։ Ես ոստիկաններին զգուշացրել էի, որ մենակ եմ գնալու հանդիպման, չեմ խաբել, բայց տեսեք, ինչ հսկայական ուժերով է իրեն պարփակել և ինքն էլ այստեղ չէ։ Ես ասում եմ՝ այդ շենքի վրա չեմ հարձակվի։ Դա իմ աշխատավայրն է։ Դա նույնն է, ոնց որ գնամ, հարձակվեմ Տնտեսագիտական համալսարանի վրա։ Զգուշացրել եմ, որ չեմ հարձակվի, հլը տեսեք՝ ինչ ուժերով են դիմավորում ինձ, երբ շենքը դատարկ է, չկա՛ վարչապետ։ Ես վերադարձել եմ առանց թղթի, բայց և վերադարձել եմ առանց նրա հետ հանդիպման։ Այսինքն, այնպես չի ստացվել, որ հանդիպել է ու հրաժարվել է դիմում գրել։ Նա փախել է այդ հանդիպումից։ Նա այլևս չկա»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Ապա հայտարարեց, թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը։

«Բայց գիտեք՝ որտեղ  է հիմա։ Պարզվում է՝ աշխատանքային օրվա աշխատանքային ժամին ՀՀ վարչապետը գտնվում է Սևանի իր հանգստյան  ամառանոցում։ Նույնիսկ ոչ թե Երևանի ամառանոցում, այլ՝ Սևանի։ Որպեսզի իմանաք, թե ինչ արժե նրանց մեկ ամսվա կեցությունը, իմացեք՝ լրագրողական հարցին՝ պաշտոնապես, թե ինչքան գումար է ծախսվում վարչապետի կեցավայրերի պաշտպանության համար՝ ամեն ամիս, պատասխանը եղել է՝ պետական գաղտնիք է։ «ՍՈՒ»-ի գումարը պետական գաղտնիք չէ, զենքի գումարը պետական գաղտնիք չէ, հոկտեմբերի 6-ի Ջաբրայիլի ռազմական գործողությունը, որը վճռել է պատերազմի ելքը՝ ի վնաս Հայաստանի, պետական գաղտնիք չէ, որ Ֆեյսբուքով տրամադրեց հակառակորդին և «ՌԲԿ»-ին տրամադրած հարցազրույցով վկայագրեց մարտական գործողությունների ողջ սցենարը, ականապատ դաշտերի քարտեզները, որոնց վրա դաջված է՝  հույժ գաղտնի, երկու անգամ փոխանցել է հակառակորդին, դա գաղտնիք չէ, բայց միայն ամառանոցի վերանորոգման համար ծախսվել է 1 մլն դոլարից ավելի գումար, գնալու և գալու համար ձեռք է բերել մոտ 2 մլն դոլարի մեքենաներ՝ առանց ուղեկցող պահպանության մեքենաների, գաղտնիք է այնտեղ իր ապրելու ծախսերը։ Միայն սրանց ընտանիքի կեցությունը՝ պլյուս 5 շուն, որ ապրում են ամառանոցում, ամսական պետական բյուջեից ծախսում ենք 88,000 դոլարի չափ գումար՝ ամեն ամիս։ Եվ հիմա ինքը վայելում է, այս կոռուպցիոներ թալանչին»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ իր համար այսօր սպառվեց Փաշինյանի հրաժարականի պահանջը, այլևս այն չի պահանջում, որովհետև հրաժարականը նրա գործողություններով պայմանավորված որոշում է։

«Իշխանությունից հեռացնելու գործընթացը իր կարծիքի հետ այլևս պետք է կապ չունենա։ Նա մի օր շուտ պետք է հեռանա, բայց այլևս ոչ իր կամքով, այլ որոշումներով․որոշումներից մեկը պետք է կայացնի ՀՀ Գլխավոր դատախազը։ Փաշինյանը իրականացրել է առևերույթ հսկայական ծավալի հանցագործություններ՝ այն, ինչ թվարկեցի։ Դիմում և ակնկալում եմ որոշում՝ ՀՀ Արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական Արթուր Դավթյանից՝ կայացնելու արդարադատության շահերից և իր առաքելությունից բխող որոշում։ Մենք կսպասենք այդ որոշմանը և դրանից պարզ կլինի՝ Արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական է, Գլխավոր դատախազ, թե պետական հանցագործ, որը դատվելու է։ Իսկ, թե ինչպես են դատվելու դատախազները՝ ինքը լավ գիտի։ Կսպասի իր պատժին, դատին, կամ կարժանանա իր առաքելության պատվին, ժողովրդի վստահությանը և իր անվանը այս ժողովրդի պատմության մեջ»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ մյուս տարբերակը պաշտոնանկություն է՝ ԱԺ կողմից։

Հանրապետության հրապարակում հարթակից Էդգար Ղազարյանը հավաքվածներին տեղեկացնելով շեշտեց նաև՝ օգոստոսի 31-ին Մոսկվայում նախանշված է հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։

«Այդ հանդիպմանը չպետք է մասնակցի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրած վարչապետը։ Այս գործընթացի ավարտին պետք է հասնենք մինչև օգոստոսի 31-ը, որպեսզի Մոսկվա գնա ՀՀ նոր վարչապետը, և վերադարձից հետո գա սեպտեմբերի 2-ի հանրահավաքին՝ զեկուցի։ Եթե մեզ այլ բան հնարավոր չլինի փրկել, ապա այս փոփոխությունը վստահ կարող է փրկել Բերձորի ճակատագիրը»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս