«Եթե նոյեմբերի 9-ից հետո էս դավաճաններին հեռացնեինք, Քարվաճառն ու Սյունիքի դիրքերը չէինք տա». քաղաքացի
«Իմ մտահոգությունը մեր պետությունն է, մեր երկիրը, մեր ապագան է, մեր երեխեքն են, մեր հող ու ջուրն է, որ սենց կտոր-կտոր տալով գալիս ենք»,- այս մասին քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հրավիրած հավաքին մասնակցող քաղաքացիներից մեկը:
Նա նշեց, որ ավելի շատ զայրացած է ոչ թե իշխանությունների վրա, որի գործունեության մասին բոլորը գիտեն, այլև ժողովրդից, որոնք տանը նստած՝ չեն մտածում, թե ոնց են փրկելու իրենց երկիրը, ով պետք է գա փրկի:
«Հիշեք՝ ոչ մեկը մեզնից լավ մեր երկիրը չի պահելու: Մենք պետք է կանգնենք, մեր երկրի տեր դառնանք: Նայում եմ այստեղ ու ասում եմ՝ առնվազն 100 հազար մարդ պետք է լիներ: Էդ որ նայում են՝ Աղավնո, Բերձոր, Սուս, մարդիկ տներն այրում են, ցավ չկա՞ իրենց սրտի մեջ: Իրենք չեն պատկերացնում, որ այդ մարդիկ 30 տարի տուն են սարքել, այսօր այրում գալիս են: Թող իրենց վրա վերցնեն, տեսնեն՝ ում պատճառով է և ինչու է այդպես: Չկա, մարդիկ այդ գթասրտությունից, հայրենասիրությունից են խոսում, բաժակաճառեր են ասում, զինվորի կենաց են խմում, 5000 հոգի տարան-կոտորեցին: Ո՞ւր են, բա թասիբ չունե՞ն՝ դուրս գան էդ երեխեքի զոհվելու մեղավորների համար պատասխանատվություն պահանջեն նրանցից, ինչի՞ չեն գալիս»,- ասաց քաղաքացին՝ շարունակելով, որ առաջին օրվանից պայքարել է և պայքարելու է մինչև վերջ, քանի այս «դավաճանական իշխանությունն իշխանության գլխին է գտնվում»:
Նա նշեց, որ իր ցավը ոչ թե դավաճաններն են (բոլոր երկրներն էլ ունեն), այլ ժողովուրդն է, մեր ժողովրդի անտարբերությունը, միլիոնանոց Երևանից 5 տոկոսը չի գալիս հանրահավաքի, չի գալիս իր իրավունքների, իր հողի, իր երկրի համար: «Միայն Արցախը չի մեր հայրենիքը, Սյունիքն էլ է մերը, Գյումրին էլ է մերը, Վարդենիսը, պետք չէ առանձնացնել, սա է, ինչքան հնարավոր է պետք է պայքարենք: Մի օրվա չէ, մեկ ամսվա չէ, մեկ տարի չէ, երկրորդ տարին լրանում է»,- նկատեց նա:
Նա նաև ասաց, որ վստահ է ՝միավորվելուց հետո հնարավոր է շատ-շատ բան վերականգնել:
«Կներեք, եթե մեր ժողովուրդը նոյեմբերի 9-ից հետո գար՝ էս դավաճաններին հեռացնեինք, Քարվաճառը չէինք տա, Սյունիքի դիրքերը չէինք տա, Սոթքի դիրքերը չէինք տա, Իշխանասարն ու Սև լճի տարածքը չէինք տա, մեր արժանապատվությունը կվերականգնեինք, ո՞ւր է մեր արժանապատվությունը»,- ասաց նա: