ՌԴ ԱԴԾ-ն հաղորդել է երկրում ԻՊ-ականի ձերբակալության մասին, որն ահաբեկչություն էր պլանավորել Հնդկաստանում
ՌԴ ԱԴԾ-ն հաղորդել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամի ձերբակալության մասին, որը պլանավորում էր մեկնել Հնդկաստան եւ այնտեղ ահաբեկչություն իրականացնել երկրի իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի տարածքում հայտնաբերել եւ ձերբակալել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության («ԻՊ» ՄԱԿ)՝ Կենտրոնասիական տարածաշրջանից սերված անդամի, որը պլանավորել էր ահաբեկչական գործողություն իրականացնել Հնդկաստանի կառավարող շրջանների ներկայացուցիչներից մեկի նկատմամբ»,- օգոստոսի 22-ին հաղորդել է ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնը (ՀԿԿ):
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ձերբակալվածը 2022 թվականի ապրիլից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում, «գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, «ԻՊ» ՄԱԿ-ի պարագլուխներից մեկի կողմից հավաքագրվել Է որպես մահապարտ»:
Ինչպես հաղորդել են ՀԿԿ-ում, «նրա գաղափարախոսական մշակումը հեռավար անցկացվել է Telegram-ի օգտահաշիվների միջոցով եւ Ստամբուլում ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչի հետ անձնական հանդիպումների ընթացքում: «Արդյունքում ահաբեկիչը հավատարմության երդում է տվել «ԻՊ» ՄԱԿ-ի ամիրին»,-հավելել են գերատեսչությունում:
ԱԴԾ-ում հայտարարել են, որ ձերբակալվածի առջեւ խնդիր է դրվել մեկնել Ռուսաստանի տարածք, ձեւակերպել անհրաժեշտ փաստաթղթերը եւ մեկնել Հնդկաստան՝ ահաբեկչական գործողությունը կատարելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: