Արխիվը լավ բան է. ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը փոխզիջման մասին 2017թ.

Վերջին երկու տարում աջուձախ Ադրբեջանին հողեր բաժանող, հանձնող Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, 2017թ. փոխզիջման վերաբերյալ բոլորովին այլ կարծիք է ունեցել ու ավելի ոչմիթիզական է եղել, քան իր կողմից հիմա անխնա քննադատության ենթարկվող երբեմնի ոչմիթիզականները:

Մասնավորապես, 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ընթացիկ տեսակետին Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, «Ելք» դաշինքի անդամ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Իմ կարծիքը եթե ուզում եք իմանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կապ չունեն ընթացիկ քաղաքական պրոցեսի հետ: Ես դեռ վաղուց շատ ավելի նեղ աշխատանքային շրջանակներում և տարիներ առաջ եմ ասել՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն իր քաղաքական գործունեությունը կառուցում է պատմաբանի տեսակետից, թե, ենթադրենք, 100 տարի հետո ինչ կգրեն այս օրերի մասին»:

Ինչպես ասում են՝ աճպարարությունը, սուտն ու Նիկոլ Փաշինյանը նույնն են: 2017թ. Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր իբրև թե  Ղարաբաղյան հարցի լուծման՝ Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակը համընկնում է իշխող Հանրապետականի տեսակետին, և այն  ոչ թե փոխզիջումային է, այլ զիջումային է: Այսօր պարզվեց, որ ոչ միայն ՀՀ երեք նախագահների բանակցած փաստաթղթերն ունեն հստակ տարբերություններ, այլև նրանցից որևէ մեկը երկիրը կապիտուլյացիայի չտարավ, Արցախն ու Հայաստանը մարդկային և տարածքային կորուստների առջև չկանգնեցրեց.

«Մադրիդյան 3 գլխավոր սկզբունքներից երկուսն այսօր Ադրբեջանն արհամարհում է՝ կիրառում ուժ և ուժի սպառնալիք, հայտարարում է, որ երբեք չի ճանաչելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,- հակադարձելով առաջին նախագահին՝ իր տեսակետն է հայտնում Փաշինյանը։ -Հիմա, ցավոք սրտի, այդ թվում՝ պարոն Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքում, այդ թվում՝ իշխանությունների գործունեության արդյունքում զիջում բառը փոխակերպվել է փոխզիջման: Այսինքն, այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Երբ որ Ադրբեջանն ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»,- 2017թ. ասել էր այսօր Ալիևի հրահանգները հլու-հնազանդ կատարող Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ասում են, արխիվը լավ բան է, ու Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ երբեմն լսի իր նախկին ելույթները, երբ դեռ Ադրբեջանի նախագահն իր համար կիրթ ու կառուցողական չէր:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս