Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններ են հնչում. «Աշ-Շաբաբ»-ի զինյալները պաշարել են Hayat հյուրանոցը
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյուններ են հնչում «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման կողմից Hayat հյուրանոցի շարունակվող պաշարման պայմաններում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Somali Guardian պարբերականին:
Ավելի վաղ Goodjoog պարբերականը հաղորդել էր Hayat հյուրանոցի շրջանում տեղի ունեցած երեք պայթյունի և կրակոցների մասին: Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ հյուրանոցի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունենում «Աշ-Շաբաբ»-ի զինյալների և անվտանգության ուժերի միջև: Տարբեր տվյալներով զոհվել է 16-20 մարդ: Daslan ռադիոկայանը հայտնում է, որ զոհերի թվում է հյուրանոցի սեփականատերը՝ Աբդիռահման Հասան Իմանը:
Շաբաթ առավոտյան՝ օգոստոսի 20-ին, Սոմալիի խորհրդարանի նիստը չեղարկվել է, քանի որ առայժմ հյուրանոցում են մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Խորհրդարանի անդամներ:
«Աշ-Շաբաբ» («Երիտասարդ մոջահեդների շարժում») իսլամիստական ծայրահեղական խմբավորումը, որը հիմնված է Սոմալիում, սերտ կապեր ունի «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ: Այն զինված պայքար է մղում Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ և խոչընդոտում է ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությունը։ ԱՄՆ զինված ուժերը պարբերաբար հարվածներ է հասցնում «Աշ-Շաբաբ»-ի դիրքերին: