ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին
Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարությունում օգոստոսի 19-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ արտաքին գործերի նախարարության Խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել առանձին հանդիպում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի միջև։
Քննարկվել են երկկողմ պատմական բարեկամական հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվել է հայ-ուրուգվայական պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական և գիտաշմակութային կապերի զարգացումը։
Որպես հայ-ուրուգվայական բարեկամական կապերի լրացուցիչ ցուցիչ գնահատվել է երկուստեք ռեզիդենտ դեսպանությունների բացումը։ ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը տեղեկացրել է Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման մտադրության մասին, դրանով իսկ փոխադարձելով ուրուգվայական կողմի՝ դեռևս 2021թ. օգոստոսին ընդունված նույնօրինակ որոշմանը։
Կողմերը քննարկել են նաև փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման նպատակով:
Խորհրդակցությունների ավարտից հետո տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրումը՝ հանձինս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՈՒԱՀ ԱՀ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի։
Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնը։ Քննարկվել են երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Ուրուգվայ այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ներկայացուցիչների պալատի նախագահ Օպե Պասկետը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին: Նշված հարցերը քննարկվել են նաև ՈՒԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ կայացած հանդիպմանը։
Ուրուգվայ այցի ընթացքում Պարույր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել նաև ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ։