«Սուրմալու»-ում որոնվող քաղաքացուն դեռ չի հաջողվել գտնել. ԱԻՆ խոսնակ
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում որոնվող քաղաքացուն գտնել դեռ չի հաջողվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Առավոտից այդ վայրում աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի աշխատակիցները, ովքեր մասնագիտացած են նման դեպքերում արձագանքելու, նաև` մասնագիտական որոշ հմտություններ ունեն»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ աշխատանքները կշարունակվեն մինչև քաղաքացուն հայտնաբերելը։
Նրա խոսքով՝ փլուզման վտանգի առաջ կանգնած շենքը չեն ապամոնտաժի, մինչև չգտնեն որոնվողին, իսկ գտնելուն պես շենքն ապամոնտաժելու հարց կբարձրացվի։
«Երբ որ անվտանգության տեսանկյունից որևէ խնդիր չի լինի տարածքում, այդ ժամանակ նոր մասնագիտական կազմակերպության կողմից, կարծում եմ՝ մասնավորի միջնորդությամբ, որովհետև տարածքը պատկանում է մասնավորին և իր վրա են դրված այդ պարտականությունները, մասնավորի միջնորդությամբ կսկսվեն այդ աշխատանքները»,- նշեց ԱԻՆ խոսնակը։