Մոսկվան սպասում է նոտայի առնչությամբ պաշտոնական Երևանի արձագանքին

Մոսկվան սպասում է Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանին՝ ուղարկված բողոքի նոտայի կապակցությամբ։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Երեւանում ՌԴ դեսպանատունը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այսօր ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ, սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաեւը։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ դեսպանատունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ վրդովմունք հայտնելով «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունը ռուսական կառույցների հետ կապելու փորձերի առնչությամբ։

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք պարունակում են սրբապղիծ ու կեղծ մեղադրանքներ՝ ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցածի մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։ Մենք սա դիտարկում ենք որպես սադրանք՝ այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր, որոնք ուղղված կլինեն ճնշելու նման անբարյացակամ դրսեւորումները՝ այդ թվում անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,-ասված է հայտարարության մեջ՝ նշելով, որ համապատասխան նոտան ուղարկվել է ՀՀ ԱԳՆ-ին։

Տեսանյութեր

Լրահոս