ՔԿ, ԱԱԾ, ԱԻՆ․․․անիմաստ կառույցներ՝ Նիկոլ Փաշինյանի առկայության դեպքում
Կառավարության այսօրվա հերթական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և փլուզմանը, ինչպես նաև դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին հարց ուղղեց՝ արդյոք քննությամբ որևէ արդյունք կա՞։
Ի պատասխան՝ Արգիշտի Քյարամյանն ասաց, որ քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ Փաշինյանի նշած վարկածները․ «Սակայն այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ որևէ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության վերաբերյալ»։
Այստեղ Փաշինյանը հարկ համարեց փոխանցել Կառավարության անդամներին իր ոչ մասնագիտական պատկերացումներն ու դիտարկումները․
«Ես այսպես եմ հասկանում նաև դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով, մենք քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց ես հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունն ըստ էության բացառվում է։ Ինչո՞ւ, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ իր հերթին՝ հավելեց, որ այս պահի դրությամբ քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ, մեղքի անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ»։
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կարող է օպտիմալացում անել՝ փակել Քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը, Դատախազությունը, փորձագիտական բյուրոները, Արտակարգ իրավիճակների ծառայության համապատասխան ստորաբաժանումը: Ինչների՞ս է պետք ավելորդ փող ծախսել, վարույթ սկսել, փորձաքննություններ անել, քննիչներ ներգրավել, եթե ինքը կարողանում է մի հայացքով որոշել՝ ահաբեկչության վարկածը կենսունա՞կ է, թե՞ ոչ:
Օդում՝ օդաչու, ջրում՝ նավաստի, ցամաքի վրա՝ տանկիստ, ամեն ինչի մասնագետ տեսել էինք՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բաց էր մնացել աղետների պատճառը մի հայացքով որոշելու տաղանդը: Միգուցե նրան տանեին հենց դեպքի առաջին օրը ու առանց պրոֆեսիոնալ մարդկային, տեխնիկական ռեսուրսների՝ իր մի խորաթափանց հայացքով աշխատե՞ր դեպքի վայրում այդքան մարդուժի ու տեխնիկայի փոխարեն… Ծիծաղելի՞ է: Ո՛չ, ողբերգական է: Այս մարդը փաստացի, միայն տեսանյութը նայելով, կարողանում է բացառել ահաբեկչության վարկածը, մինչդեռ իրավապահներն առնվազն այդ վարկածը քննության առարկա են դարձրել:
«Ընդհուպ ահաբեկչության մասին հրապարակումներ են եղել, արդյոք այդ բոլոր տեղեկությունները չպե՞տք է դառնան քննության առարկա։ Մենք համոզված ենք, որ պետք է դառնան քննության առարկա, մենք նշել ենք, որ բոլոր վարկածները պետք է քննության առարկա դառնան, հետևաբար՝ ժամանակից առաջ ընկնելով մեղադրանքների մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է և վտանգավոր»,- երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Որևէ մեկը չի ուզում, որ Հայաստանն ահաբեկչության թիրախ դառնա, բայց ջանասիրությունը, որով Նիկոլ Փաշինյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը, այլ պաշտոնյաներ հերքում են ահաբեկչության վարկածն աղետից օրեր անց, երբ որևէ քննություն դեռ որևէ հարցի պատասխան չի տվել, առնվազն տարօրինակ է:
Թե ինչո՞ւ են շտապում ու չեն սպասում քրեական վարույթի ու փորձաքննությունների նախնական արդյունքներին գոնե, այլ վերլուծության թեմա է: