«Տեսագրություններից ակնհայտ է, որ ահաբեկչությունը բացառվում է»․ Փաշինյանը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին

Կառավարության այսօրվա հերթական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և փլուզմանը, ինչպես նաև դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին հարց ուղղեց՝ արդյոք քննությամբ որևէ արդյունք կա՞։

«Արդյոք դիտարկե՞լ ենք վարկածը ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորությամբ և արդյոք ունե՞նք այս հանգամանքը հիմնավորող կամ բացառող հանգամանքներ այս պահի դրությամբ»:

Ի պատասխան՝ Արգիշտի Քյարամյանն ասաց, որ քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ Փաշինյանի նշած վարկածները․

«Սակայն այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ որևէ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության վերաբերյալ»։

Կարդացեք նաև

Այստեղ Փաշինյանը հարկ համարեց փոխանցել Կառավարության անդամներին իր ոչ մասնագիտական պատկերացումներն ու դիտարկումները․

«Ես այսպես եմ հասկանում նաև դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով, մենք, քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց ես հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունն ըստ էության բացառվում է։ Ինչո՞ւ, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ իր հերթին՝ հավելեց․

«Այս պահի դրությամբ քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ, մեղքի անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս դեպքից հետո առաջին հարցը, որ իր մոտ ծագում է՝ Կառավարությունն ի՞նչ չի արել կամ ի՞նչ այնպես չի արել, որպեսզի կարողանային կանխել նման զարգացումը։

«Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո, ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվություն բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ, և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր։ Իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը, որն արել եմ, փորձել եմ հաշվետվություն ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ։ Այս պահի դրությամբ՝ այդ տեղեկատվությունն ամփոփվում է․․․»։

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը ցավակցական խոսք ուղղեց զոհված քաղաքացիների հարազատներին․

«Անձամբ իմ, Կառավարության անդամների, պետական իշխանության  մարմինների անունից, մեր ժողովրդի անունից ցավակցություն հայտնել պայթյունի հետևանքով զոհված մեր բոլոր քաղաքացիների ընտանիքների անդամներին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս