Նոր Զելանդիայում երեխաների աճյունների մնացորդներ են գտել աճուրդում վաճառված ճամպրուկներում
Նոր Զելանդիայում աճուրդում ձեռք բերված ճամպրուկներում գտել են մարդու աճյունների մնացորդներ, որոնք պատկանում են երեխաների: Այդ մասին հաղորդել է երկրի ոստիկանությունը: Ավելի վաղ մարդու աճյունի մնացորդներ են հայտնաբերվել այն ճամպրուկներում, որոնք ձեռք են բերվել Օքլենդ քաղաքում այն իրերի սպառավաճառքի շրջանակներում անցկացված աճուրդում, որոնք մնացել էին պահեստում:
Ճամպրուկները բաժին էին ընկել տեղի ընտանիքներից մեկին, որը դրանք բերել էր տուն, եւ, բացելով, այնտեղ հայտնաբերել Է մարդու աճյունների մնացորդներ: Հրատարակության տվյալներով՝ ոստիկանությունը տեղի ունեցածի հետաքննություն է սկսել:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք, հերձման արդյունքների համաձայն, գործ ունենք երկու փոքրահասակ երեխաների մարմինների հետ, դրանք կրտսեր դպրոցական տարիքի են»,- հայտարարել է ոստիկանական խուզարկու Տոֆիլաու Ֆաամանուիա Վաաելուան:
Նրա հայտարարության տեսագրությունն իր կայքում հրապարակել է New Zealand Herald թերթը:
Խուզարկուի խոսքով՝ զոհված երեխաները, ենթադրաբար, եղել են 5-ից մինչեւ 10 տարեկան: Նա հայտարարել է, որ ոստիկանությունն աշխատում է նրանց մահվան ժամանակը եւ վայրը պարզելու վրա, սակայն առաջին նշանները ցույց են տալիս, որ երեխաները կարող են մեռած լինել նրանց աճյունների մնացորդները հայտնաբերելուց մի քանի տարի առաջ:
Նա նաեւ հայտնել է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են վարում պահեստի շենքի վարձակալության կապակցությամբ:
Վաաելուայի խոսքով՝ զոհերի ազգականները «գտնվում են Նոր Զելանդիայում», բայց ոստիկանությունը նաեւ համագործակցում է Ինտերպոլի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: