
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Մարտունի բերդաքաղաքի Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարտունի բերդաքաղաքի Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել՝ նշելով, որ 2007 թվականից օգոստոսի 17-ը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ նշվում է Մարտունու Վերածննդի օր։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
«2020 թ․արցախյան պատերազմը թեև կոչված է 44-օրյա, բայց այն իրականում տևել է 45 օրացուցային օր։ Եռակողմ հայտարարությունից հետո շուրջ 14 ժամ թեժ մարտեր էին ընթանում Արցախի արևելյան ուղղությամբ, և թշնամին վերջին ճիգերն էր գործադրում գրավելու Մարտունի բերդաքաղաքն ու հարակից խոշոր բնակավայրերը։
Սակայն հայրենիքի անձնուրաց որդիների բազկի ուժի և 100-ավոր նահատակների շնորհիվ Մարտունին և շրջանի մյուս բնակավայրերը այսօր կանգուն են և հաստատակամ իրենց ընտրած ուղում։
Օրվա առիթով շնորհավորում ենք բոլոր մարտունեցիներին և մաղթում տոկունություն, ոգու արիություն և խաղաղ ապագա հայրենի բնօրրանում»,- ասվում է ուղերձում։