«Օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00-ի սահմաններում այս իշխանազավթները կհեռացվեն». Էդգար Ղազարյան
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ-ի կողմից ՀՀ ԱԳՆ-ին փոխանցված բողոքի նոտան ուղղված է ՀՀ կառավարությանը:
«Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանի կառավարությունն անհանգստություն է հայտնում ոչ թե լրատվամիջոցների հրապարակումների, այլ ՀՀ կառավարության գործողությունների կապակցությամբ, հակառակ դեպքում՝ նրանք իրենց անհանգստությունը կարող էին այլ ձևերով հայտնել: Դա նշանակում է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև փոխհարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում:
Պատճառը ՀՀ իշխանությունների ակնհայտ հակառուսական վարքագիծն է, այսինքն՝ նրանք իրենց որոշակի գործողություններով, հանդիպումներով, պաշտոնական այցերով փորձում են ցույց տալ, որ շարունակում են հայ-ռուսական հարաբերություններն այն ոգով, այն տրամաբանությամբ, ինչպես դա ավանդաբար եղել է, բայց իրականության մեջ նրանք իրականացնում են քայլեր, որոնք անմիջականորեն հակադրված են ռուսական շահերին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Բերձորի և Աղավնոյի շուրջ զարգացումները ևս հակառուսական գործընթացներ են:
«Միակ կողմը, որին այս պահին ձեռնտու չէ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, Ադրբեջանն է, և նրանք իրենց տեսակետները միահյուսում են Փաշինյանի մոտեցումների հետ: Ստացվում է, որ եթե տարածաշրջանում այդ երկու երկրները դեմ են խաղաղապահների՝ այնտեղ գտնվելուն, ապա ի՞նչ հիմքով նրանք պետք է գտնվեն այնտեղ»,- ընդգծեց նա:
Հարցին՝ «Սուրմալու»-ի դեպքերն ինչո՞ւ են փորձում Ռուսաստանի հետ կապել, նա պատասխանեց.
«Ընդհանուր հակառուսականության մեջ պետք է ձևավորել նաև հասարակական տրամադրություններ, իսկ դրանց համար նման ողբերգությունները, որոնք բարոյահոգեբանական իմաստով ցնցում են ողջ հասարակությանը, ստանում են որոշակի արձագանքներ՝ այդ տրամադրությունները նաև այդ ձևով զարգացնելու համար: Ռուսական կողմը շատ լավ իրավիճակը գնահատում է, և ԱԳՆ կողմից ԱԳՆ-ին ուղղված բողոք արտահայտելը լավ բանի մասին չի վկայում: Հետևանքները հետագայում կերևան»:
Այսօր Տիգրան Ավինյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այնտեղ է՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։ Էդգար Ղազարյանը նկատեց՝ Տիգրան Ավինյանն իշխանազավթող խմբի ներկայացուցիչ է եղել, որը, ըստ նրա՝ օգնել է, որպեսզի այդ իշխանությունը ծառայեցվի հայ ժողովրդի թշնամիների շահերին.
«Ինչպես նրանք զավթել են իշխանությունը, մի քիչ ավելի արագ տեմպերով կհեռացվեն 2022թ. օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00 սահմաններում: Ժամը 17:00-ին հանրահավաք ենք հրավիրել, մինչ լինեն ելույթներ, բանակցություններ, դրանից հետո՝ կառավարության արտահերթ նիստ, և այլն, դա մի 4 ժամ կտևի»:
Նա շեշտեց, որ Փաշինյանն ու իր ղեկավարած թիմն իրականացնում են գործողություններ, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ.
«Նիկոլ Փաշինյանն իր գաղափարներով, իր գործունեությամբ, միգուցե՝ նաև արտաքնապես, շատ ավելի համապատասխանում է Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնին: Իմիջիայլոց, Ադրբեջանի մյուս փոխվարչապետը՝ Շահին Մուստաֆաևը, նույնպես Տավուշի մարզից է, իհարկե, ի տարբերություն Փաշինյանի՝ ստացել է երկու բարձրագույն կրթություն, որոնցից մեկը՝ Հայաստանում, Փաշինյանին դա չի հաջողվել, խոսում է հայերեն, բայց գաղափարական գործունեության իմաստով կարող է նշանակվել Ադրբեջանի փոխվարչապետ»:
Էդգար Ղազարյանը կարծում է, որ օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակը լիքն է լինելու մարդկանցով, ովքեր գնալու են ընտանիքներով, բարեկամներով՝ եռագույն դրոշներով և բարձր տրամադրությամբ՝ մի պարզ խոսակցություն լսելու համար.
«Դա կլինի իմ խոսակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր հրաժարականի պահանջով: Փաշինյանին խնդրում եմ, որպեսզի այդ օրը շուտ չլքի աշխատավայրը: Ինքը ՀՀ պատմության մեջ միակ վարչապետն է, որ ժամը 6-ին ավարտում է իր աշխատանքը, նման պաշտոնյա երևի չենք ունեցել: Ես նրան խնդրել եմ, որ այդ օրը գոնե մեկ ժամ ավել մնա աշխատավայրում, նախապես հավաքի աշխատասենյակից բոլոր անձնական իրերը, որպեսզի դրա վրա հավելյալ ժամանակ չծախսվի, սեղանին թողնելով մի հատ A4 ֆորմատի սպիտակ թուղթ և Հրայր Թովմասյանից վերցրած գրիչը՝ հրաժարականի դիմումի համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում