
Ֆինլանդիան բազմակի կրճատելու է ռուսաստանցիներին այցագրեր տալու հնարավորությունները. ԱԳ նախարար

Ֆինլանդիան պլանավորում է ռուսաստանցիներին համար կրճատել հայտեր տալու եւ Շենգենյան այցագրեր ստանալու հնարավորությունները: Այդ մասին օգոստոսի 16-ին YIe-ի եթերում հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն:
Նախարարը պատմել է, որ «ֆիննական այցագրեր ստանալու համար ռուսաստանցիներից ամեն օր ստացվում է շուրջ հազար դիմում, եւ ապագայում այդ թիվը կարելի է կրճատել՝ օրական հասցնելով 100-200-ի»:
Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի ԱԳՆ-ն պատրաստում է հատուկ մոդել, որի առաջնահերթությունը կտրվի այն հայտատուներին, ովքեր այցագրի համար դիմում են ընտանեկան հանգամանքների, աշխատանքի կամ ուսման հարցով:
«Ես կարծում եմ, որ նման որոշումը միանգամայն խելամիտ կլիներ»,- հավելել է նա:
Հաավիստոյի խոսքով՝ ռուսաստանցիների համար այցագրերի հարցի շուրջ կարեւոր է մշակել ԵՄ-ի մակարդակով ընդհանուր դիրքորոշում:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «Ֆինլանդիան կարող է որոշում ընդունել ազգային մակարդակով» եւ որ նրա որոշումը հայտնի կդառնա օգոստոսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: