
«Բերձորից երեք ընտանիք տեղափոխվել է. այսօր մարդիկ եկել են, ուզում են արտաշիրմում անեն, տեղափոխեն». Բերձորի քաղաքապետ

Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Բերձորում տարհանման աշխատանքներ են իրականացվում:
«Մարդիկ իրենց իրերն են հավաքում, 3 ընտանիք արդեն տեղափոխվել է, մեկը՝ Արցախ, երկուսը՝ Հայաստան: Արտաշիրմում երեկ ոնց որ թե չի արվել, այսօր մարդիկ եկել են, ուզում են արտաշիրմում անեն, տեղափոխեն: Իրավիճակը հիմա այդպիսինն է»,- ընդգծեց նա:
Բերձորից Արցախ տեղափոխված ընտանիքը տեղավորվել է հյուրանոցում, իսկ Հայաստանում բնակարան են վարձակալել:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք տարբեր խմբեր գնացել են Բերձոր՝ բնակիչներին կոչ անելու չլքել իրենց տները:
«Ամեն դեպքում, Բերձորում որևիցե խմբի չեմ հանդիպել, այդ խմբերից Բերձորում չկան»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հիշեցնենք, որ Աղավնո, Բերձոր և Սուս համայնքների բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել՝ իրենց տները լքելու համար: