Աֆղանստանը պլանավորում է շուրջ 1 միլիոն բարել նավթ գնել Ռուսաստանից
Քաբուլը պլանավորում է շուրջ 1 միլիոն բարել նավթ գնել Մոսկվայից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Աֆղանստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նուրիդդին Ազիզին:
«Մենք Ռուսաստանին շուրջ մեկ միլիոն (բարել) ենք առաջարկել, եթե նա կարողանա ավելի շատ ուղարկել, ապա դա խնդիր չէ»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ նավթի ու գազի նախագիծն ամենակարեւորն է լինելու աֆղանական կողմի համար: «Մենք կցանկանայինք քննարկել նաեւ փոխանակային առեւտրի տարբերակը, պայմանով, որ Ռուսաստանն աֆղանական որեւէ արտադրանքի կարիք ունենա»,-հավելել է Ազիզին:
Աֆղանստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության պատվիրակությունը, որն ուղարկվել է թալիբների կառավարության կողմից, Մոսկվա էր ժամանել նախօրյակին: Ռուսաստանցի գործընկերների հետ բանակցությունները պլանավորվել են օգոստոսի 15-ին եւ 16-ին:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել է Քաբուլում դեսպան Դմիտրի Ժիրնովը, խոսքը նավթի, հացահատիկի եւ արեւածաղկի ձեթի մատակարարումների մասին է: Ուղիղ մեկ տարի առաջ «Թալիբան»-ի ջոկատները կառավարական ուժերի վրա հարձակման հետեւանքով մտան Քաբուլ եւ վերջնականապես Աֆղանստանը վերցրեցին վերահսկողության ներքո:
Դա տեղի ունեցավ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին: Արեմուտքի երկրների քաղաքացիների զանգվածային տարհանումը շարունակվել է եւս երկու շաբաթ, իսկ լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Սեպտեմբերի սկզբին հայտարարվել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: