«Բանակ-2022»-ի շրջանակում Հայաստանում կներկայացվեն Ս-300 ու «Բուկ» համալիրները

Ս-300 ու «Բուկ» զենիթահրթիռային համալիրները Հայաստանում «Բանակ-2022»–ի շրջանակում կներկայացվեն «Պատրիոտ» զբոսայգում։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՀՌՕ մամուլի ծառայությունից։

Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի «Պատրիոտ» զբոսայգում օգոստոսի 19-21-ը կանցկացվեն «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի միջոցառումները։ Հատուկ կահավորված հարթակում կներկայացվի ռազմակայանի ՀՕՊ համակարգերի սպառազինությունը համալրած տեխնիկան, այդ թվում` մեծ հեռահարության Ս-300 ԶԶՀ–ն և միջին հեռահարության «Բուկ» ինքնագնաց ԶԶՀ–ն։

«Զինվորական վարորդները կպատմեն «Տիգր» ժամանակակից զրահամեքենայի հնարավորությունների մասին, իսկ մեխանիկ–վարորդը համաժողովի հյուրերին կծանոթացնի հետևակային մարտական մեքենաներին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հարթակում ներկայացված կլինեն Տ-72Մ հիմնական մարտական տանկը, կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցները, Պ-149 հրամանատարաշտաբային մեքենան, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն ու ՀՌՕ ռազմակայանի ռազմական և հատուկ այլ տեխնիկա։

Համաժողովի հյուրերի համար կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, սպորտային խաղեր և մրցումներ։

ՀՌՕ տարածքում համաժողովն ընդհանուր առմամբ կանցկացվի ՌԴ 9 սուբյեկտներում, ինչպես նաև Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմակայաններում գտնվող ռազմահայրենասիրական «Պատրիոտ» զբոսայգիների 16 հարթակներում։ Ցուցադրությունները կանցկացվեն օգոստոսի 19-21–ը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է ներկայացնել մոտ 250 նմուշ, այդ թվում 5 օդանավ, 27 նավ և զբոսանավեր։

Տեսանյութեր

Լրահոս