Բաժիններ՝

32-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը միացել է «Փյունիկ»-ին

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 32-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:

Ակումբից հայտնում են, որ Միլկովիչը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում նա 4 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։

Նախկինում նա խաղացել է նաև սերբական «Տելեօպտիկում», «Մետալացում», պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», ռուսական «Ամկարում» և լեհական «Մեձ Լեգնիցայում»:

Բելգրադի «Պարտիզանի» կազմում Միլկովիչը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայի 2010/11, Եվրոպա Լիգայի 2012/13 և Կոնֆերենցիաների Լիգայի 2021/22թթ․ խաղարկությունների խմբային փուլերում։

Պերմի «Ամկարի» կազմում սերբ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 51 խաղ, իսկ նրա տրանսֆերային արժեքն այդ ընթացքում, ըստ Transfermarkt.com կայքի՝ գնահատվել է 900 հազար եվրո։

Միլկովիչը ժամանակին հանդես է եկել Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում և 5 հանդիպում է անցկացրել Սերբիայի երիտասարդական հավաքականում։

2019/20թթ․ մրցաշրջանում փորձառու պաշտպանը հանդես է եկել Երևանի «Ալաշկերտի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացնելով 13 խաղ։

Միլկովիչի վերջին թիմը «Պարտիզանն» էր, որի կազմում նա նախորդ մրցաշրջանում Սերբիայի Սուպերլիգայում մասնակցել է 13 հանդիպման, ինչպես նաև սերբական թիմի հետ հասել է մինչև Կոնֆերենցիաների Լիգայի 1/16 եզրափակիչ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ալեքսանդր Միլկովիչին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս