Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն. ոստիկանությունը նախագիծ է մշակել

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք կոչված են կարգավորելու ինքնագլորների երթևեկությունը։

Նախագիծն առնչվում է նաև անվաչմուշկներին, սկուտերներին, սքեյթբորդներին և անհատական տեղաշարժման այլ միջոցներին (էլեկտրական սքեյթբորդներ, ինքնակառավարվող սկուտերներ, հիրոսքութերներ, սեգվեյներ, միանիվներ և այլն), բացառությամբ հեծանիվների և հաշմանդամային uայլակների:
Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկության կանոնները խախտողներին ոստիկանությունը կտուգանի 5000 դրամով։

Նախագծով մասնավորապես առաջարկվում է ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել՝

ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով,

բ) այդ վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով,

գ) «ա» և «բ» կետերով նշված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով։

Ինքնագլորներով 7-14 տարեկանների երթևեկությունը կթույլատրվի միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով։

Էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կարգելվի։ Ինքնագլորների շահագործումը բնակավայրերից դուրս ճանապարհներին նույնպես կարգելվի։

Ինքնագլորների շահագործման առավելագույն արագություն կսահմանվի 20 կմ/ժ, իսկ հետիոտնների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ։

Տեսանյութեր

Լրահոս