Ադրբեջանից արդեն հայտարարել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին
«Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին՝ ներկայացնելով նաև նախագծի լուսանկարը։
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է, որ թեև պաշտոնական որևէ արձագանք չկա, բայց, չի կարծում, որ Ադրբեջանն իր մտադրությունից կարող է հրաժարվել։
«Նույն թուրքական քաղաքականությունն է, որը ներմուծվել է Ադրբեջան և այդ գործընթացն արդեն սկսվել է»,- ասել է Լ.Հովհաննիսյանը
Նրա խոսքով, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ավերել, պղծել ու ավերել հայկական հուշարձանները, իսկ որպեսզի օգոստոսի 25-ից հետո նմանատիպ նոր տեսարանների չհանդիպեն Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում, այս օրերին իրականացվում են այդ բնակավայրերից պատմամշակութային ժառանգության տարհանման աշխատանքներ։
Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ հենց այս օրերին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու նախագծի հրապարակումը կարելի է համարել սադրանք։
«Սակայն վստահ պետք է լինենք, որ նման ծրագրեր Ադրբեջանն ունի ճիշտ այնպես, ինչպես բոլոր այլ բռնազավթված տարածքներում։ Մենք պետք է մեր պետական միջոցներով, հասարակական լայն խավերի ներգրավմամբ փորձենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը։ Հարկ եղած պարագայում այդ գործընթացում ներառենք նաև միջազգային կազմակերպությունների»,-ասել է Սերգեյ Շահվերդյանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների, ապանոտաժվելու են հայկական եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու են երկու մինարեթ։
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-1999 թվականներին, գմբեթի խաչի օծումը կատարվել է 1998 թվականի մայիսին։