«Արդար չէ, երբ ծովափից են հարց տալիս. լավ կլիներ՝ հասնեին Երևան, նոր սոցմեդիայում նման հարցադրումներ անեին». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ ընդդիմության հասցեին հնչող քննադատություններին, ստեղծված իրավիճակում ընդդիմությանը անգործության մեջ մեղադրողներին՝ նշելով, որ իրենք հենց այս պահին էլ ակտիվ հանդիպումների մեջ են:

«Այս պահին, որ Դուք զանգահարել եք, ես Գեղարքունիքի մարզում եմ, հասնում ենք Վարդենիս, որտեղ «Դիմադրություն» շարժման ակտիվիստների, Դաշնակցության համակիրների, ոչ կուսակցական ակտիվիստների հետ հանդիպում ենք ունենալու: Նմանատիպ հանդիպումներ լինելու են Գավառում, Մարտունիում, եղել են Սևանում: Ամբողջ Հայաստանի մարզերում մեր բոլոր պատգամավորները մի քանի օր է՝ նման այցերի մեջ են, և վաղը-մյուս օրը դրանք շարունակվելու են: Հատկապես մարզային կազմակերպչական աշխատանքները շատ ակտիվ ընթանում են, չհաշված մայրաքաղաքում բողոքի գործողություններ, հայտարարություններ: Իսկ հարց տվողներից շատերը, երբ ծովափից են հարց տալիս, առնվազն արդար չէ, լավ կլիներ՝ հասնեին Երևան և սոցմեդիայում նման հարցադրումներ անեին»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Դիտարկմանը՝ քննադատությունները հիմնականում այն ուղղությամբ են, որ Բերձորում լարված իրավիճակի ֆոնին ընդդիմությունը տեսանելի որևէ քայլ չի կատարում, նա արձագանքեց.

«Իրականում, շատ տարողունակ հարց է: Բերձորի, Աղավնոյի շուրջ կախված վտանգի, աղետի մասին 2020թ. նոյեմբերի 10-ից առաջին հականիկոլական հանրահավաքում բարձրաձայնել ենք: Անդադար է եղել այդ ահազանգը: Մենք մեկ տարի շարունակ խորհրդարանական ամբիոնից այս «այլընտրանքային ճանապարհի» ճակատագրի հետ կապված հարցապնդումներ ենք արել կառավարությանը: Անցնող մի քանի ամիսներին «Դիմադրություն» շարժման ակտիվ հանրային գործողությունների ժամանակ եղել է ահազանգը, դրա մասին բազմաթիվ հայտարարություններ: Դրա շնորհիվ է, որ իշխանությունն Ադրբեջանի հետ իր ստվերային պայմանավորվածությունները տևական ժամանակ փորձեց ձգձգել: Դրա համար եմ ասում, որ այդ հարցադրումն անարդար է: Այդ ահազանգերի արդյունքում էր, որ մեր տասնյակ-հազարավոր հայրենակիցներ այս ամիսներին փողոցում էին»:

Հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, այս լարված իրավիճակում առաջիկայում Երևանում հանրահավաք նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ:

«Առաջիկայում հանրահավաքի մասին նաև կհայտարարվի, բայց այս բոլոր հարցերի թնջուկի լուծումը մեկն է. այսօր «Դիմադրություն» շարժման՝ ընդդիմության ձեռքին, չկա կառավարական հեռախոսը, որով կարող էր ԳՇ պետին ու պաշտպանության նախարարին, ԱԳ նախարարին, այլ երկրների ղեկավարներին հեռախոսազանգով փորձել իրավիճակում ինչ-որ բեկում մտցնել:

Տվյալ դեպքում լուծումը մեկն է՝ այս իշխանության և Նիկոլ Փաշինյանի ժամ առաջ հեռացումը, որը կարող է փորձ լինել՝ շտկել իրավիճակը: Ցավոք սրտի, մեր հայրենակիցներն այնքան ականջալուր չեղան այդ բոլոր ահազանգերին, որ այս իշխանությունը շարունակում է պաշտոնավարել՝ հերթական նոր աղետները բերելով մեր ժողովրդի գլխին: Բայց մենք չենք դադարում մեր ամեն մի հայրենակցի հասցնել, որ  իր կրավորականությամբ, Նիկոլի նկատմամբ համակրանքով, այս իշխանությունների արդարացման անհաջող փորձերով, ետ բերել այդ ճանապարհից, որի շնորհիվ է միայն, որ համաժողովրդական դիմադրությամբ կկարողանանք հեռացնել այս իշխանություններին»:

Տեսանյութեր

Լրահոս