Հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր. Արցախի Տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը, հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները, պարզաբանող հաղորդագրություն է տարածել: Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները՝ նպատակահարմար ենք գտնում հանդես գալ լրացուցիչ պարզաբանմամբ:

Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով Արցախի նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից: Մասնակի զորահավաքի յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը:

Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ: Դա նշանակում է, որ ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել: Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս