
Ստեփանակերտում բողոքի ակցիա է կազմակերպվել

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հասարակական և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների կատարման և Արցախի ժողովրդի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու պահանջով:
Ակցիայի կազմակերպիչներից, Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախօրեին՝ վերջին օրերի լարվածության հարցով հանդիպում են ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ:
«Մենք պահանջել ենք, որ ըստ անհրաժեշտության՝ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ստանձնել է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Խաղաղ բնակչութունը հենց այդ տրված երաշխիքների հիման վրա է ետ վերադարձել:
Ադրբեջանա-թուրքական ահաբեկչական մեքենային մենք միայնակ չենք կարող դիմադրել. պահանջվում ենք քաղաքական որոշումներ, որոնք պետք է կայացնեն աշխարհի գերտերությունները, հանձինս՝ Ռուսաստանի, որը ստանձնել է տարածաշրջանի խաղաղության երաշխավորի դերակատարությունը»,- ասել է Ա.Օսիպյանը:
Ակցիայի մասնակից, Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի խոսքով, եթե այսուհետ իրավիճակի լիցքաթափման և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման ուղղոությամբ ռուսական խաղաղապահ ուժերը կտրուկ միջոցներ չձեռնարկեն, ստիպված են լինելու շարունակել բողոքի ակցիաները: