Նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը լքեն իրենց տները․ համայնքապետեր
Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։
«Նիկոլը վերացրել է բանակը ու հանել է վերջին զինվորին։ Բնակիչները իրենց դավաճանված են զգում, անտեր։ Մենք գիտեինք, որ այս օրը գալու է, բայց որոշակի հույսեր ունեինք։ Աչքի լույսով պահել ու պայքարել ենք, հիմա ժողովրդին դարձնում են ոչնչություն»,–ասաց Չավուշյանը։
Համայնքապետը հայտնեց, որ հայկական կողմը այս կերպ է վարվում, իսկ ադրբեջանցիներն էլ ասում են՝ ճանապարհը կառուցել, վերջացրել են, և իրենց խնդիրը չէ՝ հայկական կողմը կառուցել է, թե ոչ այլ ճանապարհ․ «Պահանջում են՝ պետք է հանձնել ճանապարհը և վերջ»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը։
Tert.am-ի հետ զրույցում Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանն էլ հայտնեց, որ նույն որոշման մասին բերձորցիներին ևս Հայկ Խանումյանը հայտնել է․«Ասել է, մինչև օգոստոսի 25–ը պետք է լքենք մեր տները, պետք է տարհանում սկսենք, հասկանանք ինչ է լինում»։