ԵԱԶԲ-ն 37 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում 11 արևային էլեկտրակայան կառուցելու համար
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) մինչեւ 37 մլն դոլար կհատկացնի Հայաստանի Հանրապետությանը Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում մինչեւ 65 մվտ ընդհանուր հզորությամբ 11 արեւային էլեկտրակայանի կառուցելու համար: Այս մասին հաղորդում է ԵԱԶԲ-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ համապատասխան փաստաթղթերը Երևանում ստորագրել են ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Նյու Էներջի» ընկերությունների խմբի նախագահ Հայկ Հարությունյանը: Բոլոր օբյեկտները շահագործման կհանձնվեն արդեն այս տարի։
«Այսօր Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը հիմնված է ջերմային, ատոմային և հիդրոէլեկտրոէներգիայի վրա։ Էլեկտրաէներգիայի մատակարարման խոշորագույն աղբյուրը և վերջնական սպառման հիմնական էներգակիրը մնում է բնական գազը: Մինչեւ 2026 թվականը Բանկի խնդիրն է նպաստել Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Դրանով մենք ոչ միայն բարձրացնում ենք էներգետիկ համակարգի հուսալիությունը, այլեւ էապես բարելավում ենք էկոլոգիան՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները»,-հայտնել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
Եվրասիական զարգացման բանկը, ՀՀ կառավարությունը և «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ն նաև ստորագրել են Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հուշագիր:
Հուշագրի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունը և կայուն տնտեսական զարգացումը ագրոարդյունաբերական ոլորտում: ԵԱԶԲ-ն Հայաստանի կառավարությանը աջակցություն կցուցաբերվի ագրոարդյունաբերական ոլորտի նախագծերի ֆինանսավորման միջոցով, որոնք կնպաստեն հումքի վերամշակման խորացմանը և արտադրվող արտադրանքի ավելացված արժեքի ավելացմանը: