Ի՞նչ զորաշարժեր է իրականացնում Իրանը սահմանին, ինչո՞ւ են սրված ադրբեջանաիրանական հարաբերությունները, և ի՞նչ դեր կարող է ունենալ ԻԻՀ-ն ՀՀ անվտանգային համակարգում

Արցախի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի աննախադեպ ռազմական սադրանքների ու հրադադարի ռեժիմի խախտումների ֆոնին իրանական համացանցային աղբյուրներում տեղեկություններ ու տեսանյութեր տարածվեցին, թե իրանական կողմը զորաշարժեր է իրականացնում իրանաադրբեջանական սահմանին: Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում նախօրեին գրել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողություններ իրականացնող «Ղոդս» ստորաբաժանման հետ ասոցիացվող տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես է իրանական զիտեխնիկան շարժվում դեպի արհեստածին Ադրբեջանի հետ սահման։

Իրանն Ադրբեջանին վերաբերմունք է ցույց տալիս

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում, խոսելով իրանական արձագանքների մասին, ասաց, որ տելեգրամյան ալիքը, որը տարածեց տեսահոլովակը, բնականաբար, ԻԻՀ Պահապանների կորպուսի պաշտոնական տելեգրամյան ալիքը չէ և ընդհանրապես չի էլ կարող նման պաշտոնական ալիք գոյություն ունենալ, որովհետև Իրանում Տելեգրամ հավելվածը իրանական կողմից արգելափակված է:

Բայց, նրա խոսքով, կա մի շատ կարևոր հանգամանք՝ ակնհայտ է, որ Իրանի նման պետության պարագայում նման ալիք չէր կարող գոյություն ունենալ, եթե այդ ալիքն անմիջականորեն չաշխատեր իրանական պատկան մարմինների գիտությամբ, անմիջական համակարգմամբ:

«Հետևաբար՝ պարզ է, որ մենք գործ ունենք Իրանի վերաբերմունքի հետ, անկախ այն հանգամանքից՝ այդ ալիքը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է կոնկրետ տեղեկատվությանը, ապա դատելով կադրերի սեզոնայնությունից, կարծում եմ, որ պետք է հավաստի համարել այդ տեսանյութը:

Բացի այդ, չեմ կարծում, թե նման ալիքն ապատեղեկատվական բնույթի նյութ կտեղադրեր: Ակնհայտ է, որ իրանական կողմը որոշակի ռազմական տեխնիկա է տեղափոխել Ադրբեջան արհեստածին կազմավորման հետ սահմանային գոտի, ընդ որում՝ ուշագրավ էր, որ տելեգրամյան ալիքում ընդհանրապես Ադրբեջանական Հանրապետություն պաշտոնական անվանումը չէր կիրառվել, խոսքը Հյուսիսային Ադրբեջան նահանգի մասին էր, ինչը ցույց է տալիս, որ նաև քարոզչական մակարդակում իրանական կողմն այս պետության հանդեպ ունի յուրատեսակ դիրքորոշում։ Այսինքն՝ այս պետության իրավական գոյությունն առնվազն քարոզչական տիրույթում խնդրահարույց է համարում, և սա միակ դեպքը չէ, բազմաթիվ այլ դեպքեր էլ կան»,- ասաց նա:

Մթնոլորտն իրանաադրբեջանական հարաբերություններում

Վարդան Ոսկանյանն ասաց, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում, անկախ հռետորաբանությունից, իրանական քարոզչական տիրույթում այժմ նկատվում է մի հետաքրքիր գործընթաց, որը, որպես կանոն, միշտ ակտիվանում է՝ հատկապես կապված շիա հավատացյալների համար չափազանց կարևոր սգո արարողությունների հետ:

«Այժմ էլ այդ ժամանակահատվածն է, և Ադրբեջանի ներսում շիա հավատացյալների նկատմամբ բռնաճնշումներ են ընթանում: Բնականաբար, իրանական լրատվական, քարոզչական տիրույթը չի կարող անտարբեր լինել, որովհետև Իրանը համաշխարհային շիայականության պատվար պետություն է և շիայական կենտրոն, ուստի այս հարթության մեջ էլ Ադրբեջան-Իրան հարաբերություններն անամպ չեն»,- ասաց նա:

Եթե մենք փորձենք Իրանի վերաբերմունքը գնահատել ընդհանրապես տեղի ունեցող ռեգիոնալ գործընթացի և հատկապես Հայաստանի խնդիրների առնչությամբ, ապա, Վարդան Ոսկանյանի դիտարկումների համաձայն, այդ վերաբերմունքը բոլորովին վերջերս արտահայտվել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ Էրդողանի ներկայությամբ հայտնի հայտարարության մեջ Հայաստան-Իրան սահմանի հազարամյա բնույթի մասին և դրա ըստ էության խախտման որևէ փորձի անընդունելիության հանգամանքի շեշտադրմամբ:

«Բայց իրանական կողմը զորաշարժով կամ զինտեխնիկայի շարժով փորձում է իր ունեցած գործիքակազմի այս հատվածով որոշակի զսպող դերակատարություն ստանձնել Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի տեսանկյունից: Սա ուժի ցուցադրություն է: Պատահական չէ, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան շտապեց հերքելու իրանական տեղեկատվությունը, ինչն ինքնին ծիծաղելի էր, որովհետև ակնհայտորեն երևում էր, թե ինչպիսի քարոզչական մանիպուլյացիաների է գնում ադրբեջանական կողմը, որը ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանում անհանգստացած են Իրանի վերաբերմունքից ու գործողություններից, որովհետև դա կարող է խուճապ առաջացնել ադրբեջանական հասարակության ներսում:

Երկրորդ, հաշվի առնելով շիա հավատացյալների նկատմամբ բռնաճնշումների մի շարք դեպքերն Ադրբեջանում, լուրջ վախեր կան իրանական միջամտությունից այս խնդրին: Կարևոր հանգամանք կա, որ ադրբեջանական քարոզչությունը փորձում է նաև մեր հասարակության վրա ազդել՝ տպավորություն ստեղծելով, թե ՀՀ-ն, հայ ժողովուրդը միայնակ է»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Անկախ Իրանի քաղաքականությունից՝ ՀՀ-ն պետք է ինտենսիվ աշխատանք տանի ԻԻՀ-ի հետ

Իրանագետի կարծիքով՝ այս ամենը չի նշանակում, թե ՀՀ պատկան մարմինները պետք է հանգիստ նստեն և ակնկալեն, թե իրանական կողմն իրենց փոխարեն ամեն ինչ կանի. Իրանի հետ աշխատանքները չափազանց կարևոր են:

«Պետք է եռանդով աշխատել ու միշտ նկատի ունենալ, որ Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է ամեն կերպ աշխատել Իրանի հետ և իր տեսանկյունից չեզոքացնել Իրանից եկող մշտական մարտահրավերների և սպառնալիքների փունջը: Հետևաբար՝ մեր անգործությունը որևէ պարագայում չի կարող արդարացված լինել»,- ասաց Ոսկանյանը:

Սրան զուգահեռ՝ նա արձանագրեց, որ Հայաստանում պետական ինստիտուտների ճգնաժամ է, ճգնաժամի պատճառները բոլորիս հայտնի են:

«Բոլորի համար ակնհայտ է, որ յուրաքանչյուր իշխանություն վաղ թե ուշ հեռանալու է, հետևաբար՝ շատ կարևոր է, որպեսզի իշխանական լծակներ ունեցող անձինք գիտակցեն, որ Հայաստանն իրենցից հետո պետք է ունենա հնարավորություն վերականգնվելու, վերածնվելու, հզորանալու»,- ասաց նա:

Ադրբեջանի նպատակը՝ Արցախը կլանել, ՀՀ-ից պոկել մասեր

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ, ակնհայտ է՝ ադրբեջանական կողմը ոչ թե պատրաստ է խաղաղության, այլ իր ունեցած յուրաքանչյուր հնարավորություն օգտագործում է սողացող բռնազավթում իրականացնելու, Արցախը կլանելու և ՀՀ-ից մասեր պոկելու համար:

«Հենց այսօրվանից, երեկվանից Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմակայելու ագրեսիվ քաղաքականությանը, իսկ դա ենթադրում է ՀՀ անվտանգային համակարգի վերականգնում: Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը շատ բարդ ու բազմաբաղադրիչ անվտանգային համակարգ է, և Իրանի հետ հարաբերությունները կազմում են որոշակի կարևոր մաս: Որևէ պետություն մինչ այժմ չի հայտարարել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է, և դա արվել է Իրանի ամենաբարձր հոգևոր և քաղաքական առաջնորդի կողմից:

Պետք է հասկանանք, որ ի վերջո մենք գտնվում ենք պատերազմի մեջ, ուստի մեր գործողությունները պետք է ծրագրել ու իրականացնել՝ ելնելով այդ կետից: Այսինքն՝ Հայաստանը հնարավորինս արագ պետք է վերականգնի իր անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները, զարգացնի, հզորացնի դրանք, որպեսզի կարողանա արժանապատիվ հակահարված տալ Բաքվի բռնապետի նկրտումներին, որոնք վերջ չեն ունենալու, եթե մենք չկարողանանք նրանց հակահարվածով զսպել»,- ասաց նա:

Իրանական դրոններ՝ Հայաստանի համար

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ հայկական կողմը կարող է հետաքրքրվել իրանական դրոններով:

«Իրանցիներն օրինակելի պետություն են այս առումով, որովհետև խստագույն պատժամիջոցների պայմաններում ոչ միայն կարողացել են պահպանել իրենց պետության կենսունակությունը, այլ բարձրացրել են իրենց պետության անվտանգության մակարդակը և Մերձավոր Արևելքում դարձել ամենախոշոր խաղացողներից մեկը: Իրանական կողմը հատկապես անօդաչու թռչող սարքերի ասպարեզում հասել է լավագույն հաջողությունների: Իրանը այն հատուկենտ պետություններից է, որն ունի անօդաչուների ամբողջ բույլը՝ հետախուզականից սկսած՝ մինչև հարվածային անօդաչու թռչող սարքերով: Ուստի այս ոլորտում հայ-իրանական համագործակցությունն անհրաժեշտություն է, ընդ որում, այդ համագործակցությունը կարող է միտված լինել համատեղ արտադրությանը, բայց դրա համար անհրաժեշտ է կամք: Բոլոր պատրանքները, թե Ադրբեջանը հանգստանալու է, սին են, անիրական են, մենք պետք է փոխենք մեր մտայնությունը թե հասարակական, թե պետական մակարդակում և պատրաստվենք մեր պետության անվտանգության հզորացմանն ու մեր թշնամուն ջախջախիչ հարված հասցնելուն»,- ասաց նա:

Ռուսաստանը շարունակում է պահել իր ազդեցությունը

Ոսկանյանն ասաց, որ Հարավային Կովկասում ազդեցության և գործիքակազմի առումով ակնհայտ է, որ ՌԴ-ն չունի մրցակից:

Նրա գնահատմամբ, այստեղ չափազանց զգայուն հարցեր կան:

«Հայկական կողմի աշխատանքը պետք է հիմնված լինի անկեղծության վրա, որովհետև գավառամիտ խորամանկությունը նման մակարդակի խաղացողների հետ հարաբերություններում կարող է ունենալ կործանարար հետևանքներ: Ուստի աշխատանքներ պետք է իրականացնել, փորձ կատարելով՝ ձևավորելով շատ տիրույթներում եռակողմ հարթակներ ՀՀ-ՌԴ-ԻԻՀ, և ՀՀ-ն կարող է դառնալ հարթակ: Սա կարևորագույն տիրույթ է և այս տիրույթում նույնպես պետք է աշխատանքներ իրականացվեն, հաշվի առնելով կողմերի շահերը և չփորձելով խաղալ այդ հակասությունների վրա, փորձելով գտնել այդ շահերի համընկնման կետերը՝ դրանց վրա կառուցելով մեր պետության հեռագնա քաղաքականությունը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս