
«Ադրբեջանի պահանջ֊գործողությունները հիշեցնում են մեկ դար առաջվա Թուրքիայի գործողություններին՝ հայերի զինաթափում». Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի պահանջ֊գործողությունները հիշեցնում են մեկ դար առաջվա Թուրքիայի գործողություններին՝ հայերի զինաթափում։
Դրանից հետո բոլորս էլ հասկանում ենք՝ ինչին է պատրաստվում՝ էթնիկ զտում և/կամ ցեղասպանություն։
Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները եղել են և շարունակվելու են ոչ միայն նրա պատճառով, որ ոչ պակաս հանցագործ ղեկավարություն ունեցող Թուրքիան մեջքին է, միջազգային հանրությունը «զբաղված է», պայմանագրեր է կնքում կամ ճանապարհներ է կառուցում փոքրիկ դիկտատորի հետ, այլ այն կարևոր պատճառով, որ մենք չենք ցանկանում առերեսվել իրականության հետ և գիտակցել, որ թշնամուն սանձելու միակ արդյունավետ տարբերակը ուժեղ, համախմբված հանրություն ունենալն է, որն ունակ է ստեղծել առաջադեմ պետություն ու թեկուզ փոքր, բայց անպարտելի բանակ, որին էլ զորագրվել է յուրաքանչյուր քաղաքացի ու գիտի իր տեղն ու դերը։
Իսկ խաղաղապահների վրա մեծ հույսեր դնողներին նախ պետք է հիշեցնել, որ որևէ պետություն իր զինվորի արյունը պակաս կարևոր չի համարելու, քո զինվորի արյունից, և հետաբար ՄԱԿ֊ի, ԵԱՀԿ֊ի, ՀԱՊԿ֊ի կամ որևէ առանձին պետության խաղաղապահ մեր խնդիրը մեր փոխարեն չի լուծելու։
Իսկ այնուհետև թարմացնել, ՄԱԿ֊ի և այլ միջազգային չհաջողված խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ հիշողությունը, որոնց «աշխատանքի պայմանաներում» զոհ են գնացել հազարավոր մարդիկ՝
Սոմալի ֊ 1992թ՝ 500,000 զոհ,
Ռուանդա ֊ 1994թ՝ 800,000 զոհ,
Բոսնիա և Հերցեգովինա (Սրեբրենիցա) ֊ 1995` 8,000 զոհ,
Դարֆուր ֊ 2003 ՝ 200,000 զոհ,
և այլն։
մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, բայց 90֊ականնների սկզբի փորձով ապացուցել ենք աշխարհին, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, հայ ժողովրդի անվտանգության միակ արդյունավետ երաշխավորը հայկական բանակն է և հայ մարդը։
Արել ենք ոչ վաղ անցյալում և անելու ենք հիմա. այլ տարբերակ չկա։
Հ.Գ. Իսկ վախի, անբարոյականության ու տգիտության սիրահարներին խորհուրդ կտամ վերանայել իրենց արժեհամակարգերը, թե չէ հենց այդ ապագան հաստատ ներողամիտ չի լինելու»։