Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանն ու Արծրուն Հովհաննիսյանը զենքի մասին օրենքն արագ լրամշակում են
ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը լրամշակել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:
Փոփոխությունները հստակեցնում են զենքի և զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում՝ քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի և ռազմամթերքի տեսակները և կատեգորիաները:
Ինչպես գրում է hetq.am-ը՝ ըստ փաթեթի՝ քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը:
Քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:
Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ քանակով զենք:
Փոփոխությունները ներառված են նաև «Հավաքների ազատության մասին», «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին», «Գովազդի մասին» «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Ինկասացիայի մասին» և այլ օրենքներում՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել ոլորտի օրենսդրությունը:
Հեղինակները հիշեցրել են, որ «Զենքի մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին և ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Նշվում է, որ գործող օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական և սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաև պարգևատրման գործընթացների միջոցով:
Օրենքի փոփոխությունները կանոնակարգում են պահնորդական գործունեության թույլտվություն ունեցող տնտեսական սուբյեկտների կողմից զենքի կիրառումը, կարգավորում կարճափող զենքի շրջանառությունը, նաև խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում:
Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա ըստ հեղինակների միջազգային փորձը փաստում է, որ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքն ապահովելով քաղաքացիական զենքի միջոցով՝ նվազում է հանցագործությունների թիվը:
Պատգամավորները նախագծում վկայակոչել են Բալթյան երկրների, Վրաստանի և Մոլդովայի փորձը, ըստ որի քաղաքացիական զենքի վերաբերյալ օրենքի ընդունումից մեկ տարի անց հանցագործությունների քանակը 40-60%-ով նվազել է: Իսկ Մեծ Բրիտանիայում կարգավորումների խստացումը և սահմանափակումը հինգ տարվա ընթացքում հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի՝ մոտ 90% ֆիզիկական անձանց նկատմամբ բռնության գործադրման, մոտ 105% հրազենի օգտագործմամբ կողոպուտների, մոտ 110% գողությունների և 25% սպանությունների: Ըստ հեղինակների՝ նման վիճակագրությունը ապացուցում է, որ հանցագործություններ կատարելու դեպքում չի օգտագործվում հաշվառված օրինական հրազենը, իսկ բարեխիղճ քաղաքացիների մոտ օրինական զենքի բացակայությունն իրենց դարձնում է անպաշտպան զինված օրինախախտների դեմ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը արխիվային՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը