ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկեր-բարեկամները՝ ԿԳՄՍ նախարարության ՊՈԱԿ-ում․«Հետք»
2021 թվականի հոկտեմբերի 15-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը:
Արմեն Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օգնական (նաև սանիկ), այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի երաշխավորությամբ։ Արմեն Հովհաննիսյանն ու Դավիթ Դանիելյանը ընկերներ են։
Ինչպես արդեն նշեցինք, մինչև տնօրենի պարտականությունները ստանձնելը Արմեն Հովհաննիսյանը եղել է ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։ Փոխտնօրեն նշանակվելուն զուգահեռ ՊՈԱԿ-ի «գործերին» ակտիվ մասնակցություն է սկսել ունենալ այդ ժամանակ դեռևս նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը։ Դրա մասին են փաստում միասին կատարած մարզային այցելությունները, ներկայությունը ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացմանը, նրա հաճախակի այցելությունները ՊՈԱԿ-ի վարչական շենք: Հասկանալի է, որ ԿԳՄՍ նախարարի օգնականի լիազորություններից կարող է լինել այդ ՊՈԱԿ-ի գործունեությանը հետևելը, սակայն ԱԺ պատգամավոր դառնալուց հետո էլ Դավիթ Դանիելյանը շարունակում է միջամտել ՊՈԱԿ-ի գործերին, հատկապես՝ կադրային տեղաշարժերին, որոնք մեկնարկեցին Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո։ Դանիելյանի և Հովհաննիսյանի ծանոթ-բարեկամները տարբեր պաշտոնների նշանակվեցին ՊՈԱԿ-ում։
«Հետքը» գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ամբողջ հաստիքացուցակը՝ ներառյալ վարչական անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային ծառայությունների։ Մեր գրությունը վերահասցեավորվել էր ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանին, որն էլ հրաժարվել է տրամադրել հաստիքացուցակը՝ պատճառաբանելով, թե դրանցում կարող են լինել «անձնի ինքնությունն ուղղակի կամ աննուղղակի կերպով նույնականացնելու հնարավորություն տվող տվյալներ» (մեջբերում հարցման պատասխանից)։ Հաստիքացուցակի վերաբերյալ հարցման պատասխանում միայն նշված էր, որ ՊՈԱԿ-ն ունի 331 աշխատակից, որից 70-ը՝ վարչական անձնակազմում, 261-ը՝ մարզային ծառայություններում, արգելոցներում և արգելոց-թանգարաններում։
Ինչևէ, ներկայացնենք, թե ինչպես են Արմեն Հովհաննիսյանի ու Դավիթ Դանիելյանի ազգականներն ու ծանոթները աշխատանքի անցել ՊՈԱԿ-ում։
Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվում պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը, որը մինչ այդ տնօրենի խորհրդականն էր, իսկ այդ պաշտոնից առաջ աշխատում էր Կոտայքի մարզային ծառայությունում։
ՊՈԱԿ-ի ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնում աշխատանքի է անցնում Դավիթ Դանիելյանի կնոջ եղբայրը՝ Արամ Անտոնյանը, որը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող է։
Կադրային տեղաշարժեր են տեղի ունեցել նաև ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայությունում։ Մի քանի ամիսների ընթացքում մարզային ծառայության երեք պետ է փոխվել, երեքն էլ՝ Կապանից, ու դարձյալ Դավիթ Դանիելյանի մտերիմները։ Ներկայիս պետը՝ Շանթ Դավթյանը, մինչ այդ աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես բանվոր:
Անդրադառնանք ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի մտերմիներին։ ՊՈԱԿ-ի ղեկավար դառնալուց հետո Արմեն Հովհաննիսյանը տնօրենի արտաքին կապերի գծով խորհրդական է նշանակում իր մորաքրոջ որդուն՝ Դավիթ Դանիելյանին (չշփոթել պատգամավորի հետ), որը իրավաբանական խորհրդատվություն է ապահովում։ Հարկ է նշել, որ խորհրդական Դավիթ Դանիելյանի մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, ժամանակին զբաղեցրել է Սյունիքի մարզային ծառայության պետի պաշտոնը։ Վերջինս աշխատանքից ազատվել է ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Թարվերդյանի հետ ունեցած միջադեպի հետևանքով:
Արմեն Հովհաննիսյանի շատ ազգականներ մինչ իր տնօրեն նշանակվելն արդեն իսկ աշխատում էին ՊՈԱԿ-ում. օրինակ՝ Արմեն Հովհաննիսյանի մյուս երկու մորաքույրները՝ Գոհարը և Շուշանիկը, Արմեն Հովաննիսյանի քույրը՝ Աննա Հովհաննիսյանը և ամուսինը՝ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, ինչպես նաև նույն Դավիթ Դանիելյանը, որը տարիներ առաջ աշխատել է ՊՈԱԿ-ում որպես իրավաբան և գնումների մասնագետ։ Այս «գերդաստանին» աշխատանքի է ընդունել ՊՈԱԿ-ի մեկ այլ նախկին տնօրեն՝ Վլադիմիր Պողոսյանը։
Տնօրենի պաշտոնակատար դառնալուց հետո ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժնում աշխատանքի է ընդունվում Գոհար Հարոյանը, որը Հովհաննիսյանի ընկերոջ քույրն է և իր վարորդի մորաքրոջ աղջիկը։
Դանիելյանն ու Հովհաննիսյանը չեն հերքում մեր տեղեկությունները
Այս բարեկամական կապերի վերաբերյալ ևս առանձին հարցումներ ենք ուղարկել պատգամավոր Դավիթ Դանիելյանին և ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանին։
Դավիթ Դանիելյանին հարցրել ենք, թե ինչ հարաբերություններ ունի Արմեն Հովհաննիսյանի հետ։ Դանիելյանը պատասխանել է՝ ընկերական հարաբերություններ։ Հարցրել ենք՝ արդյոք ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նա նշանակվել է Ձեր միջնորդությամբ․ այս հարցին պատգամավորը չի պատասխանել՝ չհերքելով մեր տեղեկությունը։ Հարցրել ենք՝ ճ՞իշտ է, որ Արմեն Հովհաննիսյանի նշանակումից հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվել Ձեր հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը։ Այս հարցին ևս Դավիթ Դանիելյանը, ըստ էության, չի պատասխանել։ Միայն նշել է, որ իր եղբայրը ՊՈԱԿ-ում աշխատել է մինչև Հովհաննիսյանի նշանակումը (ինչի մասին վերևում արդեն նշել ենք): Իր կնոջ եղբոր՝ Արամ Անտոնյանի վերաբերյալ հարցին էլ Դավիթ Դանիելյանը պատասխանել է, թե մանրամասներին չի տիրապետում՝ խորհուրդ տալով դիմել ՊՈԱԿ-ին։
Արմեն Հովհաննիսյանի կապերի վերաբերյալ էլ գրավոր հարցեր ենք ուղարկել նրան։ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ոչ մի հարցի չի պատասխանել՝ հիշատակելով մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները։ Թեպետ Արմեն Հովհաննիսյանը մեր տեղեկությունների սխալ լինելու դեպքում կարող էր պարզապես հերքել դրանք, ինչը, ըստ էության, չի արել։
900 հազար դրամ՝ Դավիթ Դանիելյանի կնոջ ընկերությանը
Կադրային քաղաքականությունից բացի, ուշադրության է արժանի նաև ՊՈԱԿ-ի գնումների գործընթացը, որից կրկին անմասն չի մնացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
2022թ․ մարտի 25-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համար գնման պայմանագիր է կնքել «Կրատոս» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է դրանից 21 օր առաջ՝ մարտի 4-ին։ Պայմանագրի արժեքը կազմել է 900 հազար դրամ։ «Կրատոս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը պատգամավոր Դավիթ Դանիելյանի կինն է՝ Անի Անտոնյանը։
Այս գործարքում ևս մեկ հատկանշական փաստ կա։ Թեպետ «Կրատոս» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է 2022թ․ մարտի 25-ին, սակայն ծառայության մատուցման հաշիվ-ապրանքագիրը ստացվել է ապրիլի 1-ին «Կրատոս-1» ՍՊԸ-ից, որը հիմնադրվել է դրանից ընդամենը 4 օր առաջ՝ 2022թ․ մարտի 28-ին։ «Կրատոս-1» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը կրկին Անի Անտոնյանն է։
Պետական համակարգում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի բացառման մասին սիրում է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ինչպես տեսնում ենք, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ը, որը պատասխանատու է Հայաստանի պատմական հուշարձանների և արգելոց-թանագարնների պահպանության համար, կառուցված է հենց «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի վրա, որի հիմքը դրել են Փաշինյանի կուսակիցն ու նրա ընկերը։