Կառավարությունը ցանկանում է հետ վերցնել Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը
Կառավարությունը որոշման նախագիծ է ուղարկել Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ղեկավարությանը՝ զբաղեցրած շենքն ու դրա տարածքը հետ վերցնելու վերաբերյալ: Ինստիտուտը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Պարույր Սևակի փող., 5/1 շենք-ում:
«Հետքի» աղբյուրը հայտնել է, որ, ըստ նախագծի, Կենսաքիմիայի ինստիտուտի 7-հարկանի շենքը կառավարությունը մտադիր է հատկացնել շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին, քանի որ վերջինի անձնակազմը ցրված է Երևանի տարբեր հասցեներում: Մյուս կողմից, նույն նախագծի համաձայն, կենսաքիմիկոսները պետք է տեղափոխվեն իրենց ներկա հասցեի հարևանությամբ գտնվող մեկ այլ գիտական հիմնարկի` Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի 4-րդ հարկ:
Կենսաքիմիայի ինստիտուտը բացասական արձագանք է տվել նախագծին:
Կայքը նաև գրավոր հարցում է ուղարկել ԳԱԱ։ Ակադեմիայից պատասխանել են, որ իրենք ստացել են կառավարության որոշման նախագիծը և դրա մասին տվել են բացասական կարծիք, որը հիմնված է Կենսաքիմիայի ինստիտուտի 100-ից ավելի աշխատակից ունեցող կոլեկտիվի 11.07.2022 թ. ժողովում կայացրած որոշման վրա։ Ակադեմիայի փոխանցմամբ՝ ինստիտուտի կոլեկտիվը միաձայն մերժել է նախագիծը։
Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտական քարտուղար Սոֆի Աճեմյանը 168.am-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ պատճառաբանելով, որ հոգնել են այդ հարցերից:
«Մենք մեր ԳԱԱ վերադասին ասել ենք մեր վերաբերմունքի մասին: Ոչ մի հարցի չեմ պատասխանի»,- ասաց նա:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ 2000-ականների սկզբին ակադեմիական բոլոր տարածքների առք ու վաճառքի գործողություն է արվել, հիմա, այս դեպքում, վաղեմության ժամկետներն անցել են, հետ են վերցնում՝ առանց մտածելու երկարաձգման մասին: