2022-ին Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ է ընդունել ՌԴ-ից, Իրանից և Գերմանիայից
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 590 հազար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատելի աճել է:
«Ամենից շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են մեր թիրախային շուկաներից՝ Ռուսաստանից՝ մոտ 56 տոկոս: Այնուհետև հաջորդում են Իրանը, Գերմանիան, Վրաստանը, ԱՄՆ-ն: Զբոսաշրջային տարբեր պրոդուկտներով ու առաջարկներով փորձում ենք ակտիվացնել ինչպես մեր ավանդական թիրախային շուկաները, այնպես էլ նոր ուղղություններ ներգրավել»,-ասաց Սիսիան Պօղոսեանը:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խոսքով՝ համավարակով պայմանավորված Հայաստանում զբոսաշրջային ցուցանիշները զգալի նվազել էին, սակայն այս տարվա ակտիվությունը վկայում է այն մասին, որ տեմպերը քիչ-քիչ վերականգնվում են: Սիսիան Պօղոսեանը նշեց, որ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից որպես նոր ուղղություններ նախանշել են Ֆրանսիան ու ԱՄԷ-ն: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է նախատեսվում: ԱՄԷ-ի քաղաքացիների համար արդեն դյուրացվել է վիզա ստանալու գործընթացը: Վերջերս վիզա ստանալու գործընթացը դյուրացվեց նաև Եգիպտոսի քաղաքացիների համար: Առաջիկայում նախատեսվում է փոխադարձ ճանաչողական այցեր տուրօպերատորների մասնակցությամբ:
Զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից կարևորվում է զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, խոշոր միջոցառումների, մրցաշարարերի, համերգային ծրագրերի անցկացումը: