Արևմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել է. Ռուսաստանի ԱԳՆ
Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել է, եկել է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը եւ հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը:
«Անկախ հատուկ ռազմական գործողության տեւողությունից ու ելքից, արդեն այժմ կարելի է արձանագրել, որ Արեւմուտքի հետ ընդհանուր առմամբ կառուցողական, թեեւ ոչ առանց խնդիրների երեսունամյա դարաշրջանն անշրջելիորեն ավարտվել է»,- դիվանագետը նշել է «Պատմության դասերը եւ ապագայի պատկերը. մտորումներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին» իր հոդվածում:
Նրա կարծիքով, ներկայում ՌԴ-ի համար հնարավորություն է ստեղծվել վերջնականապես ձերբազատվել պատրանքներից եւ դուրս գալ «բարեկամական կլանման» պարադիգմայի շրջանակներից»:
«Հասկանալի է, որ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի եերկրների հետ մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու»,- նշել է Դրոբինինը:
«Ռուսաստանը մտել է ԱՄՆ-ի գլխավորությամբ ոչ բարեկամական պետությունների ագրեսիվ դաշինքի հետ հակամարտության սուր փուլ: Հակառակորդի նպատակն է՝ մեր երկիրը ռազմավարական պարտության մատնել, այն վերացնել որպես աշխարհաքաղաքական մրցակցի»,-ընդգծել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: