Tesla-ի բաժնետերերին կոչ են արել՝ ընկերության խորհրդից հեռացնել երկու տնօրեններին
Glass Lewis & Co եւ Institutional Shareholder Services (ISS) երկու ազդեցիկ կոնսալտինգային ընկերությունները Tesla Inc-ի բաժնետերերին կոչ են անում՝ դեմ քվեարկել ընկերության դիտորդական խորհրդի երկու տնօրենների վերընտրմանը:
Խոսքը Այրա Էրենփրայսի եւ Քեթլին Ուիլսոն-Թոմփսոնի մասին է, հաղորդել է MarketWatch-ը՝ վկայակոչելով Glass Lewis-ի եւ ISS-ի եզրակացությունը:
Կոնսալտինգային ընկերությունների տվյալներով՝ Էրենփրայսը եւ Քեթլին Ուիլսոն-Թոմփսոնը որպես Tesla-ի կառավարման եւ նշնակումների կոմիտեի անդամներ չեն իրականացրել այն առաջարկներից մեկը, որոնք բաժնետերերի կողմից հավանության են արժանացել անցյալ տարի:
Նրանք պետք է վերակազմեին խորհուրդը եւ փոփոխություններ մտցնեին տնօրեններին ընտրելու քաղաքականության մեջ: Առաջարկի համաձայն, յուրաքանչյուր տնօրենի լիազորությունների ժամկետը պետք է երեքից կրճատվեր մինչեւ մեկ տարի, բայց Tesla-ն այն կրճատել է մինչեւ երկու:
Glass Lewis-ի եւ ISS-ի եզրակացության մեջ նշվում է, որ ընկերության նման վերաբերմունքը գոհացուցիչ չէ, այն դեպքում, երբ այն չի հայտնել բաժնետերերի մեծամասնության ձայները հաշվի չառնելու պատճառները: Tesla-ի բաժնետերերի ամենամյա ընդհանուր ժողովը կկայանա օգոստոսի 4-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: