18-ամյա երիտասարդը կալանավորվել է
Հուլիսի 21-ին, ժամը 23-ին, «Վանաձոր» բժշկական կետրոնից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով ու ներքին արնահոսությամբ տեղափոխվել է Վանաձորի Խորենացու փողոցի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ:
Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերին հաջողվել էր պարզել, որ դանակահարությունը կատարվել էր Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի պուրակում:
Դեպքի առթիվ հուլիսի 22-ին նախաձեռնվեց քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: Ուսումնասիրվեց դեպքի վայրը, ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ` ականատես-վկաներ, ինչպես և վիճաբանության մասնակիցներ հայտնաբերելու ուղղությամբ:
Տարոնի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ պուրակում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակով խփել էր Վանաձորի Վարդանանց փողոցի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդ: Հուլիսի 24-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց քննչական մարմին։
Դանակահարողը կալանավորվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: