120 մլն դոլար ԱՄՆ-ից ՀՀ-ին՝ ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդման համար
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում հավանություն տվեց 2022 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով 120 մլն դոլար կատկացվի Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացների համար:
Փաստաթղթում նշվում է, որ դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:
«ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։
ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը նպատակների միջև հետևյալ կերպ.
68,565,000 ԱՄՆ դոլար՝ ժողովրդավարության խթանման համար,
51,435,000 ԱՄՆ դոլար՝ տնտեսական անվտանգության բարելավման համար:
Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Շուրջ մեկ ամիս առաջ տեղեկացրել էինք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը։