851 միլիոն դրամ՝ բժշկական կենտրոններ նորոգելու համար

ՀՀ կառավարության որոշմամբ բժշկական հաստատությունների կառուցման և վերակառուցման համար ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվեց 851 մլն դրամ: Կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հատկացված գումարն ուղղվելու է մի քանի բժշկական կենտրոնի վերակառուցմանն ու կառուցմանը, ինչպես նաև մեկ բժշկական կենտրոնի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանը:

«Կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Արմավիրի մարզի Վաղարշապատի, Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնները: Ասեմ, որ Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքը, ինչպես նաև՝ Լոռու մարզի «Տաշիր» և և Կոտայքի մարզի «Նաիրի» բժշկական կենտրոնների համար կառուցվելու են ամբողջովին նոր շենքեր: Դրանից բացի կազմվելու է Արթիկի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը»,-ասաց Անահիտ Ավանեսյան:

Բժշկական կենտրոնները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով ու գույքով: Նախարարի խոսքով՝ նպատակն է ապահովել հասանելի որակյալ բժշկական օգնություն տարածքների համաչափ զարգացման համատեքստում:

«Մինչև տարեվերջ կունենանք ևս 6 բժշկական հաստատությունների նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ամբողջական փաթեթը: Դրանց մի մասի կառուցման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարի: Շինարարական այս տեմպը պահպանելու դեպքում Կառավարության ծրագրով նախատեսված առնվազն 50 բժշկական կենտրոնների վերակառուցման և վերազինման խոստումը կկատարվի:

Առաջիկայում նաև կապիտալ ծախսերի ուղղվածության փոփոխություն ենք ունենալու և մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք առողջության պահպանման առաջնային օղակի շենքային պայմանների բարելավման վրա»,-հավելեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս