ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի և Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի ուղեկցությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Աբդուլլա Շահիդը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Կարդացեք նաև

Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Աբդուլլա Շահիդը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին պարոն Աբդուլլա Շահիդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր շրջայցի համար:

Տեսանյութեր

Լրահոս