Բաժիններ՝

Ստամբուլում տեղի է ունեցել հացահատիկային միջանցքների կառավարման կենտրոնի բացման արարողությունը

Ստամբուլում հուլիսի 27-ին տեղի է ունեցել ուկրաինական հացահատիկի փոխադրման համակարգման նպատակով ստեղծված համատեղ կենտրոնի բացման արարողությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Կենտրոնը ստեղծվել է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ փոխադրման համար փոխըմբռնման նախաձեռնության դրույթների իրականացման շրջանակներում:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Կենտրոնը գործելու է Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի տարածքում։

Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ այստեղ աշխատելու են ՄԱԿ-ի դիվանագետներ։

Կենտրոնի միջոցով նախատեսվում է, անհրաժեշտության դեպքում, ստուգել Սեւ ծովի Ուկրաինայի երեք նավահանգիստներից (Օդեսա, Չեռնոմորսկ, Յուժնի.-խմբ) հացահատիկի արտահանմամբ զբաղվող նավերը:

Դիմելով Կենտրոնի մասնակիցներին՝ Հուլուսի Աքարն ընդգծել է, որ 25 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկի մատակարարման կապահովվի այն երկրների համար, որոնք գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերելու կարիք ունեն։

Նրա խոսքով, հացահատիկի անխափան մատակարարումների կազմակերպումը կնվազեցնի պարենային ապրանքների գներն աշխարհում և կվերացնի պարենային ճգնաժամը։

«Հացահատիկային միջանցքի համաձայնագրով ծովային գոտիները ականներից մաքրելու կարիք չկա։ Ուկրաինայի նավահանգիստներում հացահատիկի մատակարարման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,- ասել է թուրք նախարարը։

Աքարը նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ։

Հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 22-ին Ստամբուլում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ։ Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս