Երիտասարդ մասնագետների համար կգործի հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։

Դասընթացները  կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններից ու գիտահետազոտական կենտրոններից։

Ամառային դպրոցի շրջանակում կքննարկվեն և կներկայացվեն՝

  • պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության հայաստանյան ու միջազգային փորձը, գիտակարգի ձևավորման պատմությունը և խնդիրները, վերականգնող-կոնսերվատոր մասնագիտությունը,
  • հուշարձանների ուսումնասիրության, հետազոտությունների, գրանցման, ամրակայման, վերականգնման և պահպանության հիմնական փուլերը, սկզբունքները և պահանջները,
  • տարբեր հուշարձանների և նյութերի՝ ճարտարապետական կառույցների, քարի, որմնանկարների, գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների, թղթի, կաշվի, փայտի, գործվածքի, խեցեղեն և մետաղյա առարկաների մաքրման, ամրակայման և վերականգնման մեթոդները, դրանց առանձնահատկությունները,
  • հնագիտական արշավախմբերի գործունեությունն ու հնագիտական հուշարձանների հայտնաբերումը, թանգարաններում, ֆոնդապահոցներում և ցուցասրահներում դրանց պահպանության համար անհրաժեշտ պայմանները,
  • կկատարվեն գործնական աշխատանքներ և վարժություններ՝ հնագիտական առարկաների մաքրման, ամրակայման, վերականգնման և պահպանության վերաբերյալ ստացած տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով:

Դասընթացներին կարող են մասնակցել երիտասարդ վերականգնողները, պատմության, ճարտարապետության, կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի, քիմիայի, երկրաբանության բնագավառներում մասնագիտացող, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության պահպանությամբ հետաքրքրվող ուսանողները:

Դպրոցի առավել աչքի ընկած երկու մասնակցի հնարավորություն կտրվի եռամսյա վճարվող փորձաշրջան անցնել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում։

Դասընթացները տեղի կունենան Պատմամշակութային ժառանգության  գիտահետազոտական կենտրոնի «Թաիրով» մասնաշենքում (հասցե՝ ք. Երևան, Թաիրովի 9):

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 522-618 (Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ) կամ գրել  [email protected] էլեկտրոնային հասցեին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութեր

Լրահոս